գլխավոր Իրադարձային Մատաղիս-Թալիշ ուղղություններում ականի պայթյունից 3 փրկարար ծառայող է վիրավորվել․ Արցախի ԱԻՊԾ

Մատաղիս-Թալիշ ուղղություններում ականի պայթյունից 3 փրկարար ծառայող է վիրավորվել․ Արցախի ԱԻՊԾ

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողներ:

Վերջիններս հոսպիտալացվել են: Քիչ առաջ հանրապետական բժշկական կենտրոնում վիրավորներին այցելել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը: Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով: Վերջիններս հավաստիացրել են որ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի նախաձեռնությամբ, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ շարունակվում է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնման և ադրբեջանական կողմի հետ փոխանակման գործընթացը:

Պատերազմի առաջին օրվանից իրենց մասնագիտական առաքելությունը կատարելիս Արցախի ԱԻ պետական ծառայության 4 փրկարար ծառայողներ զոհվել են, ևս 17-ը՝ վիրավորվել: