գլխավոր Իրադարձային Գերիների թիվը գերազանցում է 100-ը․ Սիրանույշ Սահակյան. NewArmenia.am

Գերիների թիվը գերազանցում է 100-ը․ Սիրանույշ Սահակյան. NewArmenia.am

Գերիների քանակը սպասվածից մեծ է։ Պատերազմի սկզբանական փուլում, երբ աշխատում էինք, մտածում էինք` կսահամանափակվենք 4-5 տասնյակով, իսկ այս պահին, եթե դիտարկենք մեզ հայտնի ռազմագերիների և գերիների թվաքանակը, վստահ կարող եմ ասել, որ դրանք գերազանցում են 100-ը, NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սիրանույշ Սահակյանը։ 

Սիրանույշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի կողմից գերիների վերաբերյալ 29 դեպք ներկայացվել է Եվրոպական դատարան․ «Մեր համոզմամբ դրանք հիմնավոր հասատատված դեպքեր են։ 20 դեպքի մասով կա որոշում՝ անհապաղ միջոց կիրառելու, 9-ի մասով սպասում ենք, ևս 5 անձի վերաբերյալ էլ այսօր կդիմենք ՄԻԵԴ։ Կան դեպքեր, որ Ադրբեջանը հրապարակել է գերիների անունները, կան անձինք, որոնց անունները չի հրապարակվել, բայց մենք ունենք ապացույցներ, որոնք հաստատում են գերեվարման հանգամանք»,-նշեց Սիրանույշ Սահակյանը։

Փաստաբանն անդրադառնալով գերիների նկատմամբ ադրբեջանական կողմի բռնություններին՝ ընդգծեց, որ ռազմագերիներին որոշ այցելություններ եղել են ուշացած, երբ խոշտանգումների հետքերը կարող էին վերացած լինել․ «Եթե կառավարությունը չի կարողանում յուրաքանչյուր օրվա մասով բժշկական փաստաթղթերով ապացուցել գերու խոշտանգման չենթարկվելու փաստը, ապա դատարանը ապացուցված է համարում գերիների խոշտանգումը»։

Մեր զրուցակցի խոսքով` գերիների վերաբերյալ բռնությունների տեղեկատվությունը ԿԽՄԿ-ն տրամադրում է ընտանիքներին, իսկ ընտանիքներն էլ փաստաբանների հետ կապի մեջ են և իրենց հայտնի դարձած տեղեկությունը փոխանցում են նրանց․ «Անհապաղ միջոցի շրջանակներում պահանջել ենք դատարանից, որպեսզի գանգատի գոյության մասին Ադրբեջանը տեղեկացնի ռազմագերիներին, և եթե անձը տեղեկանում է իր գործի վերաբերյալ, ապա պետք է հնարավորություն տրվի կապ հաստատել փաստաբանների հետ»։

Սիրանույշ Սահակյանն ընդգծեց, որ իրենք անհատապես, յուրաքանչյուր անձի դեպքն առանձին նրբերանգներով են ներկայացնում ՄԻԵԴ, իսկ Կառավարությունը միջպետական գանգատի շրջանակներում անդրադառնում է նաև որոշ անձանց խնդիրներին և իրենց հետ կապված անհապաղ միջոց կիրառում․ «Մեր և Կառավարության աշխատանքը փոխլրացնող է, այն գործերը, որոնք ներկայացվում են Կառավարության կողմից` մենք չենք կրկնում։ Իսկ այն զինվորների ընտանիքների անդամները, որոնք մեզ լիազորել են այդ մասին՝ տեղեկացնում ենք Կառավարությանը, որպեսզի իրենք կրկին չներկայացնեն ՄԻԵԴ»։

Փաստաբանը հավելեց նաև, որ միջպետական գանգատի շրջանակում Կառավարությունը խնդրել է անհապաղ միջոցներ, և մեկ անհապաղ միջոցը, որը վերացական է և որևէ կոնկրետություն չունի՝ բոլոր գերիների և ռազմագերիների նկատմամբ հումանիտար իրավունքի նորմերի պահպանումն է․ «Միևնույն ժամանակ Կառավարությունը առանձին դրվագներով ևս կարող է խնդրել անհատական անհապաղ միջոց, և նախորդ շաբաթ Կառավարությունը հաստատեց, որ 9 ռազմագերու նկատմամբ ինքը խնդրանք է ներկայացրել, և դատարանն ապահովել է»։