գլխավոր Գլխավոր Անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիա․ 168

Անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիա․ 168

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին անցկացնում Պաշտպանության նախարարության շենքի մոտ: Նրանք պահանջում էին հանդիպում նախարարի հետ:

«Մեկ պահանջում ենք մեր երեխաներին, բայց ամիսուկես ոչ մի դրական արդյունք չենք ստացել»,- դժգոհում էին նրանք:

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը տեղեկացրեց, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շուտով կմոտենա բողոքի ակցիայի մասնակիցներին, ի պատասխան, սակայն, ակցիայի մասնակիցները հարցրեցին՝ «Նա մեզ կարողանալո՞ւ է հստակ պատասխաններ տալ, թե՞ գալու է մեզ հետ կանգնի. Եթե գալիս է էստեղ կանգնի, անիմաստ է, թող չգա»:

Մխիթարյան Գագիկը նշում է, որ իր եղբորորդու՝ Մխիրթարյան Մխիթարի համար տարբեր կառույցների է դիմել. համոզված է, որ դեռ ողջ է. «1.5 ամիս է՝ ոչ մի լուր չունենք մեր երեխայից: Համոզված ենք, ճշտել ենք. 5 անգամ գնացել ենք Ղարաբաղ, կոնկրետ ինֆորմացիաներ ենք ստացել,  գտնվելու վայրը որտեղ է եղել, որ օրն են այդ գործողությունները եղել»:

Նրա տեղեկությամբ՝ Մխիթարը վիրավորվել է վիրավոր սպային հանելու ժամանակ. «Կամբատն ուղարկել է վիրավոր օֆիցերին հանելու,  10 երեխա զինվոր բեկորներից վիրավորվել են, ու ոչ մեկը չի մոտեցել էդ երեխեքին՝ տեսնի՝ ո՞ղջ են, թե՞ զոհվել են:  Հարց եմ տալիս՝ եթե տեսար՝ ռմբակոծում են, ինչո՞ւ էիր ուղարկում, ասում է՝  վիրավորին թողնեինք դաշտո՞ւմ:  Ասում եմ՝ բա գոնե միջոցներ ձեռնարկեիք, ասում է՝ ռմբակոծությունը շատացավ, փախանք:

Ամսի 5-ին ենք խոսել Մխիթարի հետ ու  մինչ օրս լուր չունենք, մեր երեխան եղել է 11 օրվա ծառայող զինվոր, ու տարել են առաջնագիծ: Ես այսօր  մեր կառավարությանը, մեր Պաշտպանության նախարարին հարց եմ տալիս ՝ ի՞նչ իրավունքով եք տարել 11 օրվա ծառայող երեխային առաջնագիծ: Ասում են՝ պատերազմական իրավիճակ էր, ասում եմ՝ չէ՞ որ նա պատրաստ չի եղել պատերազմին, ինչո՞ւ եք տարել, ու էսօր ոչ մի պատասխան չունենք ոչ մի ծնողի տալու»:Անդրանիկ Քոչարյանը մոտեցավ հավաքի մասնակիցներին և տեղեկացրեց. «Այսօր կառավարությունում քննարկվելու է՝ նմանատիպ բոլոր հարցերի լուծման  համար ինչ քայլեր պետք է արվեն:

Վաղը ես առաջարկում եմ, այս քննարկումը կլինի, ձեր միջից ընտրեք 15-20 հոգի,  ԱԺ-ում կգա Պաշտպանության նախարարը, Արտակարգ իրավիճակների նախարարը, մենք կներկայացնենք այն ճանապարհը, որով մենք այս հարցի լուծումն առաջարկելու ենք բոլորիդ»:

Պատգամավորի ասածը վրդովեցրեց հավաքվածներին. «Այս դեպքից ավելի արտակարգ դեպք կա՞, թող այսօր արտահերթ նիստ հրավիրի,  ամեն վայրկյանը մեր երեխեքի համար կարևոր է:

«54 օր է՝ իմ երեխան չկա, ասեք՝ ես ումի՞ց պահանջեմ էրեխուն, քո արածն ի՞նչ է, էսքան ժամանակ ի՞նչ էիք անում»,- Ա. Քոչարյանին դիմեց ծնողներից մեկը:

Գագիկ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ավելի ուշ հայտնեց, որ  ՊՆ-ում ոչ մի բան չեն ձեռնարկում. «Ականջները կախ լսում են, ուղղակի ժողովրդին նայում ու հեռանում»:

Հարցին, թե արդյո՞ք հանդիպել են նորանշանակ նախարարին, նա պատասխանեց.

«Նորանշանակ նախարարի հետ չենք ունեցել, բայց Դավիթ Տոնոյանի հետ ունեցել ենք հանդիպումներ, տվել է խոստումներ, իրենից առաջ Բալայանը տվել է խոստումներ, բայց ոչ մի բան չեն արել, ոչ  մի գործողություն չեն անում»:

Սկզբնաղբյուր՝ 168.am