գլխավոր Իրադարձային ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների և վարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ շրջկենտրոնում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել:

Երկրի ղեկավարն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքներին՝ շեշտելով, որ օր առաջ պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը:

Այս համատեքստում նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հրթիռակոծության հետևանքով ավերածությունների ենթարկված  բնակարանների վերանորոգման նպատակով քաղաքաշինության նախարարությունն օպերատիվ միջոցներ կձեռնարկի: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ համայնքներում պետք է արագ ավարտել ազատ բնակֆոնդի գույքագրումը, կարճ ժամանակահատվածում կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, ապահովել այն կենցաղային գույքով և մինչև հիմնական բնակարանների կառուցումը տրամադրել անօթևան մնացած քաղաքացիներին: Նա վարչակազմի ղեկավարին տեղում հանձնարարական է տվել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում ունենալ պատասխանատու, ով կզբաղվի շրջանի՝ անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած բնակիչների սոցիալական խնդիրներով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարեսկզբից դպրոցական և նախադպրոցական հիմնարկների աշխատանքների վերսկսմանը, ստեղծված ծանր կացությունը հաղթահարելու նպատակով բնակչությանը սոցիալական երաշխիքների տրամադրմանը, ինչպես նաև աշնանացանի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: