գլխավոր Իրադարձային Բանկային համակարգն արել է հնարավորը առաջնագծում կռվող զինվորի ու նրա ընտանիքի համար....

Բանկային համակարգն արել է հնարավորը առաջնագծում կռվող զինվորի ու նրա ընտանիքի համար. ՀԲՄ

Հայաստանի բանկերի միությունը հայտարարություն է տարածել բանկային աշխատողի օրվա առիթով՝ հայտնելով, որ Արցախում պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանության գործին կամավորագրվել և զորահավաքային շրջանակներում առաջնագիծ են մեկնել առևտրային բանկերի 412 աշխատակիցներ:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի բանկերի միության հայտարարությունը.

«Նոյեմբերի 22-ին Արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրն էր: Այս կապակցությամբ Հայաստանի բանկերի միությունն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր քաջարի մարտիկներին, ովքեր անմնացորդ նվիրվածությամբ ու անկոտրում հաստատակամությամբ պայքարեցին հանուն հայրենի հողի ու վաղվա օրվա:

Հայաստանում նոյեմբերի 22-ը նշվում է նաև որպես բանկային աշխատողի օր: Ստեղծված պայմաններում Միության գնահատանքի և երախտիքի խոսքն ուղղված է նաև համակարգի աշխատակիցներին, ովքեր պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում ու թիկունքում միացան համազգային պայքարին:

Հայրենիքի պաշտպանության գործին կամավորագրվել և զորահավաքային շրջանակներում առաջնագիծ են մեկնել առևտրային բանկերի 412 աշխատակիցներ: Ցավոք, նրանց շարքերում ունենք նաև զոհեր ու վիրավորներ:

Համակարգն ու աշխատակիցները թիկունքում ևս արել են հնարավորը՝ առաջնագծում կռվող զինվորի ու նրա ընտանիքի համար:

Միանալով հայրենիքում և աշխարհասփյուռ հայության կողմից նախաձեռնվող և Արցախին ուղղված ծրագրերին՝ տարբեր ուղղություններով ցուցաբերվել է նաև ֆինանսական և հումանիտար աջակցություն: Մասնավորապես՝ դրամական փոխանցումներ են կատարվել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: Բանկերի և համակարգի աշխատակիցների ջանքերով համակարգված աշխատանք է տարվել պարեն, հագուստ, դեղորայք, առաջնային անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու և առաջնագիծ հասցնելու, ինչպես նաև Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին կացարանով ապահովելու նպատակով:

 ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը, առևտրային բանկերի կողմից նախեձեռնվեցին նաև հաճախորդների աջակցության ծրագրեր՝ վարկի մարման ժամկետի հետաձգումից մինչև վարկերի մասնակի կամ ամբողջական ներումներ:

Մշտապես իր ներդրումն ունենալով երկրի զարգացման, տնտեսության և ֆինանսական կայունության ապահովության գործում՝ բանկային համակարգն ամենայն պատասխանատվությամբ շարունակելու է իր գործն ու առաքելությունը` քաջ գիտակցելով, որ հիմա առավել քան կարևոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը»: