գլխավոր Գլխավոր Պուտինը մեկնաբանել է ԼՂ տարածքային պատկանելիության հարցը

Պուտինը մեկնաբանել է ԼՂ տարածքային պատկանելիության հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը “Россия 1” հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելիության հարցը:

«Հայաստանը, սակայն, չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսակետից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր տարածաշրջանները եղել և հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի բաղկացուցիչ մասը», – մեջբերում է Ռուսաստանի նախագահին РИА Новости-ն:

Միաժամանակ նա շեշտել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցության պայմանները Ռուսաստանին չեն պարտավորեցնում ներքաշվել հակամարտության մեջ:

«ՀԱՊԿ պայմանագիրը նախատեսում է փոխօգնություն այս պայմանագրի անդամ պետության տարածքի դեմ ագրեսիայի դեպքում: Ոչ ոք ոտնձգություն չի կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում, և դա մեզ իրավունք չի տվել ուղղակիորեն մասնակցել ռազմական գործողություններին», – ասել է նախագահը:

Պուտինը հավելել է, որ Մոսկվան ամբողջովին կատարել է իր պարտավորությունները Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում:

«Հավաստիացնում եմ, որ Հայաստանը իրեն լքված, մոռացված չի զգացել: Եվ Ռուսաստանն ամեն ինչ արեց, որ դա տեղի չունենա», – ասել է ՌԴ նախագահը։