գլխավոր Գլխավոր Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն ունեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում․ Ֆրանսիայի...

Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն ունեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում․ Ֆրանսիայի արտգործնախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանն ընդգծեց այն մեծ պատասխանատվությունը, որը կրում են Մինսկի խմբի երկրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը ֆրանսիական LSI լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հատուկ պատասխանատվություն ունեն, քանի որ հենց նրանց էր ՄԱԿ-ը վստահել հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների պահպանումը: Որպես Մինսկի խմբի համանախագահներ, մենք շատ ջանքեր գործադրեցինք հրադադարի ռեժիմի հասնելու համար։ Մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ նախաձեռնություններ ձեռնարկվեցին ռազմական գործողություններին վերջ տալու համար, մասնավորապես իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի կողմից Մայք Պոմպեոյի կողմից, բայց այդ պահին դա չաշխատեց», – ասել է Լե Դրիանը:

«Մենք կրում ենք միջազգային հանրության կողմից մեզ վստահված պատասխանատվությունը: Եվ Հայաստանն ինքը ցանկանում է, որ մենք այդ պատասխանատվությունը պահենք: Այս ամենը մեզանից պահանջում է հավասարակշռված դիրքորոշում պահպանել», – ասաց նա:

«Եվ Հայաստանի, և Ադրբեջանի ղեկավարությունը շեշտեցին մեր դերի պահպանման կարևորությունը: Բայց դա չի խանգարում Ֆրանսիային այժմ օգնություն տրամադրել Հայաստանին. մարդասիրական բեռով ինքնաթիռ է ժամանում Երևան, հաջորդ շաբաթ այնտեղ մեկնելու է մեկ այլ ինքնաթիռ», – ասել է նախարարը: Հարցազրույցի ընթացքում նա հատկապես շեշտեց, որ «Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ ժողովուրդ է»: