գլխավոր Իրադարձային Պուտինը պարզաբանել է, թե ինչու դեռ ոչ մեկին չի շնորհավորել ԱՄՆ նախագահական...

Պուտինը պարզաբանել է, թե ինչու դեռ ոչ մեկին չի շնորհավորել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է, որ դեռ չի շնորհավորել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների հաղթողին, քանի որ պետք է սպասել բոլոր իրավական հարցերի կարգավորմանը: ՌԴ ղեկավարի կարծիքով՝ շնորհավորանքի այսպիսի զուտ պաշտոնական ձգձգումը չի վատացնի Մոսկվայի և Վաշինգտոնի առանց այդ էլ վատ հարաբերությունները:

«Փչացած հարաբերություններն արդեն չես փչացնի»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը պատասխանելով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինի հարցին, թե արդյոք չեն վատանա ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները ԱՄՆ նորընտիր նախագահին ուղղված շնորհավորական խոսքի ձգձգման պատճառով:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլորին՝ և՛ գործող նախագահ Դոնալդ Թրամփին, և՛ այդ պաշտոնի թեկնածու Ջոզեֆ Բայդենին: Այդ իսկ պատճառով մենք խնդիր չունենք այս հարցի առնչությամբ: Իսկ զուտ պաշտոնական քայլերը պետք է արվեն ստեղծված իրավիճակի և գործի իրավական կողմի համապատասխան»,- պարզաբանել է Պուտինը:

Պուտինը վստահեցրել է, որ ՌԴ իշխանությունները պատրաստ են աշխատել ԱՄՆ յուրաքանչյուր ընտրված նախագահի հետ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, կարևոր է սպասել ընտրությունների վերջնական արդյունքներին և «ներքին դիմակայության» ավարտին: