գլխավոր Իրադարձային ՀՀ տեղափոխված յուրաքանչյուր արցախցու տրամադրվելու է դրամական օգնություն․ Արայիկ Հարությունյան

ՀՀ տեղափոխված յուրաքանչյուր արցախցու տրամադրվելու է դրամական օգնություն․ Արայիկ Հարությունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

Այդ մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է. «Կոնկրետ առաջիկա օրերին իրար հետևից մի քանի սոցիալական ծրագրեր են իրականացվելու, մասնավորապես, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր արցախցու տրամադրվելու է դրամական օգնություն, բնակարան կորցրած մեր հայրենակիցներին մեկ շնչի հաշվով միանվագ հատկացվելու է 300 հազար դրամ: Այս և մյուս ծրագրերն, այո, լիցքաթափելու են սոցիալական լարվածությունը:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել հայությանը, Հայաստանի Հանրապետության մեր այն բոլոր հայրենակիցներին, ովքեր այս մեկուկես ամսվա ընթացքում հյուրընկալել են արցախցիներին և նրանք որևէ տեսակի խնդիր չեն տեսել, չեն զգացել: Բայց հաշվի առնելով այն, որ եղանակներն ավելի են ցրտում ու կոմունալ ծախսերն ավելի են մեծանալու, մենք ևս Երևանում ստեղծված օպերատիվ շտաբի միջոցով փորձում ենք փոխհատուցել կոմունալ որոշ ծախսեր, նաև ՀՀ մեր այն հայրենակիցների համար, ովքեր իրենց ունեցածը, հյուրանոցները կամ օբյեկտները տրամադրել են: Այստեղ անելիք շատ ունենք:

Պլանավորում ենք առաջին փուլում իրականացնել մեր այն հայրենակիցների տեղափոխումը Արցախ, ովքեր ունեն մնալու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր զրկվել են, կտեղափոխվեն փուլային տարբերակով, որպեսզի կարողանանք և՛ տեղավորել, և՛ ընթացքում լուծել սոցիալական խնդիրները: Համոզված եմ, որ առաջիկայում ներդրումների արդյունքում սոցիալական խնդիրներ չեն լինելու և այն սոցիալ-տնտեսական ծրագրերը, որոնք նախանշված են, համատեղ ուժերով կարողանալու ենք իրականացնել»: