գլխավոր Իրադարձային Լիբանանը խոշոր խաղացողների պայմանավորվածությունների զոհը չպետք է դառնա. նախագահ Աունը կոչ է...

Լիբանանը խոշոր խաղացողների պայմանավորվածությունների զոհը չպետք է դառնա. նախագահ Աունը կոչ է արել ազգային միասնություն դրսևորել ու անհապաղ կառավարություն ձևավորել

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Լիբանանի քաղաքական գործիչներից պահանջում է միասնական դիրքորոշում որդեգրել սպառնալիքներին դիմակայելու համար, Լիբանանի անկախության 77-րդ տարեդարձի կապակցությամբ հեռարձակված հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Միշել Աունը, հաղորդում է ТАСС-ը։

«Անհրաժեշտ է մի կողմ դնել տարաձայնություններն ու համազգային երկխոսություն սկսել, ինչը թույլ կտա ամրապնդել Լիբանանն ու դիմակայել արտաքին ուժերի պարտադրանքին: Լիբանանը խոշոր խաղացողների պայմանավորվածությոնների զոհը չպետք է դառնա»,- նշել է նախագահը:

Աունը շեշտել է` ֆինանսատնտեսական ծանր իրավիճակն, իհարկե, չի հուսադրում, բայց Լիբանանի ժողովրդի համար կապիտուլյացիան անընդունելի է:

«Կոչ եմ անում անհապաղ ու արդյունավետորեն կառավարություն ձևավորել, որը լրջորեն ձեռնամուխ կլինի անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանն ու երկիրը դուրս կբերի կոռուպցիոն համակարգի գերությունից: Ես շարունակելու եմ պայքարը հանուն Լիբանանի փրկության: Սա նշանակում է ինքնաբավ տնտեսության ու պետական կառավարման համակարգի ձևավորում, որոնք կախված չեն լինի քաղաքական կուսակցությունների ու կրոնական հեղինակությունների ազդեցությունից»,- հայտարարել է Լիբանանի նախագահը:

Լիբանանը շանր սոցիալ-տնտեսական իրավիճակում է շուրջ 2 տարի. նախորդ տարվա աշնանը հակակառավարական զանգվածային ցույցերի ճնշման տակ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր կառավարության հետ միասն հրաժարական տվեց. ցուցարարները բողոքում էին ահռելի չափերի հասած կոռուպցիայից ու դրա ծանր հետևանքների վերացման պահանջ էին ներկայացնում:

Լիբանանում ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է, զգալի թանկացումներ են գրանցվել, բարձրացվել է հարկային բեռը, լիբանանյան բանկերը ամերիկյան դոլարով գործարքներ չեն կատարում: Իրավիճակն էլ ավելի է ծանրացել այս տարվա ամռանը մայրաքաղաք Բեյրութում որոտացած հուժկու պայթյունից հետո, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին, հազարավորները` վիրավորվեցին ու մնացին անօթևան:

Երկրում չի հանգուցալուծվում նաև քաղաքական ճգնաժամը. հոկտեմբերի 22-ին Սաադ Հարիրին կրկին ընտրվել է վարչապետի պաշտոնում, բայց բնակչության էթնիկ կառուցվածքի համամասնության սկզբունքով, ինչպես կարգն է, կառավարություն դեռևս չի ձևավորվել, ինչն անհապաղ իրագործելու կոչով հենց նախագահ Աունն է հանդես եկել: