գլխավոր Իրադարձային G20-ը պետք է ստանձնի համաճարակից հետո համաշխարհային տնտեսության վերականգնումը․ Ճապոնիայի վարչապետ

G20-ը պետք է ստանձնի համաճարակից հետո համաշխարհային տնտեսության վերականգնումը․ Ճապոնիայի վարչապետ

Ճապոնիան ակնկալում է, որ «Քսանյակի խումբը» (G20) կստանձնի կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսական վերականգնումը և միջազգային ճանապարհորդությունների վերսկսումը պանդեմիայից հետո:

Այս մասին շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Յոսիհիդե Սուգան G20-ի առցանց գագաթնաժողովի ժամանակ, որը նախագահում է Սաուդյան Արաբիան:

«G20-ը պետք է հստակեցնի, որ իր վրա է վերցնելու համաճարակի դեմ միջոցառումներ ապահովելու, տնտեսական աճը վերականգնելու, միջազգային ճանապարհորդությունները վերսկսելու և համաճարակից հետո միջազգային կարգ ստեղծելու հարցը», – նրա խոսքերն է մեջբերում NHK հեռուստաալիքը:

Սուգան նաև նշեց, որ կարևոր է ստեղծել այնպիսի գլոբալ միջավայր, որում յուրաքանչյուր մարդ կարող է օգտվել բժշկական ախտորոշումից, բուժումից և պատվաստանյութերից: Բացի այդ, Ճապոնիայի վարչապետը նշել է թվայնացման զարգացման և մատակարարման հուսալի շղթաների ամրապնդման անհրաժեշտությունը: Խոսելով հաջորդ տարի հետաձգված Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասին՝ Սուգան խոստացավ այն դարձնել կորոնավիրուսի դեմ մարդկության հաղթանակի խորհրդանիշ:

G20-ը տնտեսապես զարգացած և զարգացող խոշորագույն երկրների ոչ ֆորմալ ասոցիացիա է, որը գոյություն ունի 1999 թվականից: Այն ներառում է 19 պետություններ (Ավստրալիա, Արգենտինա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Կանադա, Չինաստան, Մեքսիկա, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Հարավային Աֆրիկա, Հարավային Կորեա, Ճապոնիա) և Եվրամիություն: Համաշխարհային բանկի տվյալներով` G20-ի երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 80-ը: Ասոցիացիայի նախագահի գործառույթներն այս տարի կատարում է Սաուդյան Արաբիան: