գլխավոր Քաղաքականություն Թուրքիան ԵՄ լիդերներին մեղադրել է նախապաշարմունքներով առաջնորդվելու մեջ

Թուրքիան ԵՄ լիդերներին մեղադրել է նախապաշարմունքներով առաջնորդվելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը դեկտեմբերի 10-11-ին կայանալիք Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովին ընդառաջ՝ նոյեմբերի 20-ին այցելել է Բրյուսել։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Demokrat Haber լրատվական կայքը, Քալընն առանձին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Մերիամ վան դեն Հեուվելի, ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կաբինետի տնօրեն Բյորն Սայբերտի և ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:  

Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես՝ Արևելյան Միջերկրածովին, Լիբիային, Սիրիային և Լեռնային Ղարաբաղին վերաբերող բանակցությունների ընթացքում Քալընը կրկնել է, որ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կա Մաքսային միության արդիականացման, ներգաղթային համաձայնագրի, վիզայի ազատականացման և քաղաքական երկխոսության ոլորտներում: Քալընը, հայտնելով, որ Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը ռազմավարական առաջնահերթություն է, նշել է, որ ԵՄ առաջնորդները պետք է մի կողմ դնեն բոլոր գաղափարական և քաղաքական նախապաշարմունքները և Թուրքիա-ԵՄ հարաբերություններին նայեն ռազմավարական մտքով:

Վերջին շրջանում ԵՄ-Թուրքիա հարաբերություններում նոր լարվածության հիմք են դարձել Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի՝ Հունաստանին և Կիպրոսին պատկանող ջրային տարածքներում իրականացվող գործողությունները։ Եվրամիությունը Թուրքիայի նավթային ընկերության խորհրդի անդամ և փոխնախագահ Մեհմեթ Ֆերրուհ Աքալընի և Թուրքիայի նավթային ընկերության Որոնման բաժնի փոխտնօրեն Ալի Ջոշքուն Նամօղլուի նկատմամբ պատժամիջոցը երկարաձգել է ևս 1 տարով Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների պատճառով։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհուրդը՝  նշելով, որ պատժամիջոցը կկիրառվի մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը։ Երկու անձանց արգելված են այցերը Եվրամիության երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։ Բացի այդ, ԵՄ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արգելվում է միջոցներ տրամադրել նրանց, ովքեր ընդգրկված են ցուցակում: