գլխավոր Քաղաքականություն Հյուլուսի Աքար. «Թուրք զինծառայողները շուտով կմեկնեն Ադրբեջան»

Հյուլուսի Աքար. «Թուրք զինծառայողները շուտով կմեկնեն Ադրբեջան»

Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները շուտով կմեկնեն Ադրբեջան։ Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարը:

«Թուրք զինծառայողները շուտով կմեկնեն Ադրբեջան։ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերը ավարտել են պատրաստությունը»,- Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքերը մեջբերել է «Anadolu» գործակալությունը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ ադրբեջանական և հայկական կողմերը կմնան իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ տարածաշրջանում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ։

Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարի բանակցությունների արդյունքում։ Նոյեմբերի 17-ին էլ Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահի հրամանի նախագծին, որով ենթադրվում էր թուրքական ստորաբաժանումների ուղարկում Ադրբեջան։ Նախատեսվում է, որ թուրք զինծառայողների հերթափոխը տեղի կունենա ամեն տարի։