գլխավոր Քաղաքականություն Լազարևյան ակումբը 10 միլիոն ռուբլի է հանգանակել հումանիտար օգնության համար

Լազարևյան ակումբը 10 միլիոն ռուբլի է հանգանակել հումանիտար օգնության համար

Մոսկվայում կայացել է «Լազարևյան ակումբ»-ի միջազգային խորհրդի արտահերթ նիստը:

Հանդիպմանը Հայաստանի մասնակցում էին Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և «Ազգային միասնություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Ռուսական կողմից մասնակցում էր ռուսական Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների հարցով հատուկ հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը,  «Մոնարխ» կոնցեռնի ղեկավար Սերգեյ Համբարձումյանը, Լազարևյան ակումբի Մոսկովյան մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Գազազյանը, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, Ռուսաստանում հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը, «Ժուռնալիստների համերաշխության» մեդիակոնգրեսի նախագահ Աշոտ Ջազոյանը և Սեյրան Բաղդասարյանը:

Հավաքվածները քննարկել են նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, նաև դրա հետ կապված հայ-ռուսական հարաբերություններն ու Հայաստանի ներքաղաքական վիճակը:

Դրանից բացի, մասնակիցները քննարկել են նաև Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիական միավորումների գործակցությունը՝ Արցախում տուժածներին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցում: Հիշեցնենք, որ պատերազմից անմիջապես հետո Լազարևյան ակումբը կամավոր դրամահավաք էր կազմակերպել Ռուսաստանից և Հայաստանից, արցախահայությանը օգնություն ցուցաբերելու նպատակով: Ներկա պահին հավաքվել է մոտ 10 միլիոն ռուբլի:

Ակումբի խորհուրդը որոշեց շարունակել դրամահավաքը, որը կօգտագործվի նպատակային կերպով, որը կորոշի հատուկ կոմիտեն, որը բաղկացած է Արցախի բոլոր նախկին նախագահներից:

Կոնստանտին Զատուլինն ընդգծել է. «Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը, բայց, միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ այլ տարբերակ, քան կատարել հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ներկա պահին չկա: Կարևորը, ինչի հետ համաձայն են մեր ակումբի բոլոր անդամները, որ այնտեղ հիմա դադարեցվել են ռազմական գործողություններն ու խաղաղ բնակիչներն այլևս չեն զոհվում: Մենք հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է լուծել, ու դա հեշտ լուծում չի լինելու: Բայց դրա հետ մեկտեղ, այսօր առաջնայինը մնում է փախստականների հարցը, ընտանիքներին աջակցելը, որոնք ունեզրկվել ու հարազատներ են կորցրել: Նաև կարևոր է Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքների մշակութային արժեքների պահպանումը: Ցանկանում ենք փարատել այն կասկածները, որոնք տարածվում են համացանցում, թե իբր Թուրքիան նույնպես խաղաղապահ առաքելություն է իրականացնելու Արցախի տարածքում: Դա բացառված է, ինչի մասին արդեն բազմիցս խոսել են նախագահ Վլադիմիր Պուտինը, դիվանագետներն ու զինված ուժերի ներկայացուցիչները»:

Խորհրդի անդամները նախատեսում են հերթական՝ չորրորդ նիստն անցկացնել Հայաստանում, իրավիճակի կայունացումից և համավարակի վտանգն անցնելուց հետո: