գլխավոր Քաղաքականություն Մեքսիկայի խորհրդարանն արել է առաջին քայլը մարիխուանայի օրինականացման ուղղությամբ

Մեքսիկայի խորհրդարանն արել է առաջին քայլը մարիխուանայի օրինականացման ուղղությամբ

Մեքսիկայի կոնգրեսի սենատորների պալատը հավանություն է տվել մարիխուանայի` որպես հանգստի եւ բուժման միջոց, օրինականացում նախատեսող օրինագծին: Փաստաթղթին կողմ է արտահայտվել 82 սենատոր, 18-ը դեմ է քվեարկել, 7-ը ձեռնպահ է մնացել: Այժմ այն ​​կքննվի Պատգամավորների պալատի կողմից, որը որոշումը կհրապարակի մինչեւ դեկտեմբերի 15-ը, փոխանցում է DW- ն:

Օրինագիծն ուղղված է խաղաղության եւ անվտանգության խթանմանը հասարակության մեջ, ընդգծել են Մեքսիկայի խորհրդարանի վերին պալատում: Օրինականացումը կնպաստի հոգեակտիվ նյութերի անօրինական շուկայի, դրա հետ միասին` կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի եւ  բռնության կրճատմանը, պարզաբանել են սենատորները: Օրինագծի ընդունման դեպքում տնային պայմաններում անձնական օգտագործման նպատակով հնարավոր կլինի մեկ անձի համար ոչ ավել, քան 6 կանեփի բույս աճեցնել ​​եւ պահել դրանից ստացված մինչեւ 28 գրամ հոգեակտիվ նյութը (այժմ շեմը 5 գրամ է): 28-ից 200 գրամ պահելը տուգանք կենթադրի, իսկ ավելի մեծ քանակությունը` քրեական պատասխանատվություն, նշված է փաստաթղթում:

Մարիխուանայի օրինականացումը բանավեճեր է առաջացրել Մեքսիկայի հասարակությունում: Պաշտպանները պնդում են, որ այդ քայլը կնվազեցնի մանր իրավախախտումների քանակը: Հակառակորդները մտավախություններ ունեն, որ դա կհեշտացնի թմրանյութերի հասանելիությունը երեխաների եւ երիտասարդների շրջանում: