գլխավոր COVID-19 Սի Ցզինպինը կոչ է արել համաշխարհային հանրությանը COVID-19-ի պատվաստանյութերը հասանելի դարձնել զարգացող...

Սի Ցզինպինը կոչ է արել համաշխարհային հանրությանը COVID-19-ի պատվաստանյութերը հասանելի դարձնել զարգացող երկրների համար

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել համաշխարհային հանրությանը կորոնավիրուսային պատվաստանյութերը հասանելի դարձնել զարգացող երկրների համար:

Երկրի ղեկավարն այս մասին ասել է ուրբաթ APEC-ի գագաթնաժողովի բացմանը, որն իր պատմության մեջ առաջին անգամ է անցկացվում տեսակոնֆերանսի միջոցով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի COVID-19-ի դեմ պատվաստանյութերը դառնան գլոբալ հանրային բարիք և նպաստեն զարգացող երկրների համար այդ պատվաստանյութերի հասանելիությանը», – մեջբերել է Ցզինպինին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Հոկտեմբերին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտության և տեխնոլոգիայի նախարարության ներկայացուցիչ Թիան Բաոգոն հայտարարեց, որ չինացի մասնագետները կատարում են կորոնավիրուսային վարակի դեմ 13 պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներ:

Նոյեմբերի 19-ին Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը հայտարարեց, որ հինգ պատվաստանյութ արդեն կլինիկական փորձարկումների երրորդ և վերջին փուլում են: