գլխավոր COVID-19 Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը

Հնդկաստանում նախօրեին կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստերի անցկացման արդյունքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման ավելի քան 45 800 նոր դեպք. երկրում ընդհանուր վարակակիրների թիվը գերազանցել է 9 միլիոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Նշվում է, որ Հնդկաստանն աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով երկրորդ տեղում է: Վարակակիրների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԱՄՆ-ում, որտեղ հիվանդությունը հայտնաբերվել է 11,7 միլիոն մարդու մոտ: 

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանում կորոնավիրուսից արդեն ապաքինվել է ավելի քան 8.4 միլիոն մարդ: Մեկ օրում անցկացված ավելի քան 1,1 միլիոն թեստի արդյունքներով՝ կորոնավիրուսից նախօրեին բուժվել է 44 000 մարդ: 

Բժիշկների տրամադրած տվյալների համաձայն՝ հիվանդանոցներում և բուժհաստատություններում ավելի քան 443 000 մարդ շարունակում է բուժում է ստանալ. նախօրեին այդ ցուցանիշը հասել է 491 000-ի: 

Մեկ օրում հիվանդությունից մահացել է 584 մարդ, համավարակի սկզբից կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվն այստեղ հասել է 132 000-ի:

Պետական փորձագետների խմբի հավաստմամբ՝ Հնդկաստանը մյուս տարվա փետրվարի վերջին կարող է հաղթահարել կորոնավիրուսը, եթե երկրի բնակիչները դիմակ կրեն և պահպանեն սոցիալական հեռավորություն: Փորձագետների կարծիքով՝ նման պայմաններում համավարակի վերջում Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կարող է կազմել 10.5 միլիոն: