գլխավոր Քաղաքականություն ՌԴ պետդումայում կոչ են արել պահպանել Ղարաբաղի կրոնական սրբավայրերը

ՌԴ պետդումայում կոչ են արել պահպանել Ղարաբաղի կրոնական սրբավայրերը

Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միությունների հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը կոչ է արել Ադրբեջանին պահպանել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող կրոնական սրբավայրերը և պահպանել դրանց հասանելիությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Գավրիլովի մամուլի ծառայությանը:

«Մենք հուսով ենք, որ համապատասխան միջազգային իրավունքի սկզբունքներին և հավատացյալների իրավունքների պաշտպանությանը, Ղարաբաղի կրոնական սրբավայրերն ու վանքերը կպահպանվեն: Պետք է ապահովվի հասանելիությունը կրոնական օբյեկտներին` ինչպես մզկիթներին, այնպես էլ քրիստոնեական եկեղեցիներին: Ապահովելով անվտանգությունն ու ազատ մուտքը դեպի կրոնական սրբավայրեր՝ Ադրբեջանը ցույց կտա իր քաղաքակրթվածությունը»,- ասել է Գավրիլովը:

Նրա խոսքով` Ղարաբաղում և առհասարակ այն շրջաններում, որոնք անցնում են Ադրբեջանին «գտնվում են Սիրիայից ժամանած բազմաթիվ ծայրահեղականներ»:

«Ես տեսել եմ ահաբեկիչների գործունեության հետևանքները, հատկապես Սիրիայում նրանց գրաված վայրերում, առաջին հերթին Մաալուլի Սուրբ Ֆեքլա վանքում, որտեղ ոչնչացվել էր քրիստոնյա բնակչությունը, ավերվել էին վանքեր և տաճարներ: Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը կարող են անհրաժեշտ ջանքեր գործադրել, որպեսզի զինյալները լքեն Ղարաբաղը»,- նշել է խորհրդարանականը:

Հիշեցնենք, որ այսօր ռուսաստանցի մի շարք հայտնի գործիչներ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էին արել պաշտպանել Արցախի հուշարձանները։ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան էլ իր հերթին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում սրբավայրերի ու մշակութային վայրերի պահպանման հարցը ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ ռուսական կողմի աշխատանքի մի մասն է:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ 

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։