
Խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության բաժնի անունից գրել է տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։
«Հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաեւ վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը։
Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը եւ համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը»,- ասված է հայտարարության մեջ։