գլխավոր Քաղաքականություն Սառը պատերազմից ի վեր աշխարհում ստեղծվել է ամենալարված իրավիճակը․ Բորիս Ջոնսոն

Սառը պատերազմից ի վեր աշխարհում ստեղծվել է ամենալարված իրավիճակը․ Բորիս Ջոնսոն

Ներկայումս աշխարհում Սառը պատերազմի ավարտից ի վեր ստեղծվել է ամենալարված իրավիճակը, ուստի Մեծ Բրիտանիան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի իր պաշտպանական կարողություններին:

Այս մասին այսօր Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը` տեղեկացնելով առաջիկա 4 տարիներին երկրի ռազմական ծախսերի ավելացման մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այսօր ավարտվում է պաշտպանության ծախսերի կրճատման ժամանակաշրջանը: Մոտակա 20 տարում մեր ազգային անվտանգությունը կախված կլինի այն որոշումներից, որոնք մենք կայացնում ենք այսօր: Աշխարհում իրավիճակն այժմ ավելի վտանգավոր և մրցակցային է, քան երբևէ` Սառը պատերազմից ի վեր»,-նշել է բրիտանական կառավարության ղեկավարը:

Նա ավելացրել է, որ «Բրիտանիան պետք է հավատարիմ մնա իր պատմությանը, մի շարքում կանգնի մեր դաշնակիցների հետ և մասնակցի աշխարհի ամենաբարդ խնդիրների լուծմանը»: «Դրան հասնելու համար մենք պետք է մեծացնենք մեր կարողությունները բոլոր ուղղություններով»,-ասել է Ջոնսոնը:

Նրա խոսքով` Մեծ Բրիտանիան կարող է հույսը դնել «ամենալավ զարգացումների վրա» և անտեսել ահաբեկիչների և մի շարք երկրների սպառնալիքները, սակայն ավելի արդյունավետ միջոց կլինի «աղետալի հարվածներ ստանալուց առաջ առանցքային ենթակառուցվածքների և կապի կենտրոնների արդյունավետ պաշտպանությունը»: