գլխավոր Իրադարձային Եվրոպական հանձնաժողովը հավելյալ 3 մլն եվրո կտրամադրի ԼՂ քաղաքացիական բնակչության աջակցության համար

Եվրոպական հանձնաժողովը հավելյալ 3 մլն եվրո կտրամադրի ԼՂ քաղաքացիական բնակչության աջակցության համար

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է հավելյալ 3մլն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին, որը թույլ կտա ապահովել կարևոր աջակցություն Լեռնային Ղարաբաղի տարածքում և նրա շուրջ հակամարտության հետևանքով առավել տուժած քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին հայտնում է ԵՄ հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջը։

«Ֆինանսավորումն իրականացվում է ի լրումն 900 հազար եվրո հատկացվելիք աջակցության, որը հայտարարվել էր հոկտեմբերի առաջին օրերին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները։

Արտակարգ իրավիճակներին ուղղված աջակցությունը կօգնի մարդասիրական օգնության ոլորտի ԵՄ գործընկերներին մարտական գործողությունների հետևանքով տուժած անձանց էական օգնություն, այդ թվում՝ սնունդ, ձմեռային պարագաներ, առողջապահական աջակցություն, բուժսարքավորումներ և այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրելու գործում»,-ասված է հայտարարության մեջ։