գլխավոր Իրադարձային Արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունին

Արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունին

Նոյեմբերի 19-ին արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպան  Ֆան Յունին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը։

Նշվում է, որ նախարար Այվազյանը շնորհավորել է Ֆան Յունին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր արժեքավոր ավանդը կունենա հայ-չինական բազմաոլորտ հարաբերությունների դինամիկան պահպանելու և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում:

«Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Յունը նախարար Այվազյանին փոխանցեց ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի շնորհավորանքները և բարեմաղթանքները նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնահատուկ շեշտելով առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարը դեսպանին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի և դրա հասցեագրման ուղղությամբ իրականացվող գործողությունների մասին: Նախարար Այվազյանն այս առնչությամբ կարևորեց միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը: 

Չինաստանի նորանշանակ դեսպանը հայտնեց, որ ՉԺՀ պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ առ այն, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ: