գլխավոր Քաղաքականություն Ռուս հայտնի գործիչները ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ են արել պաշտպանել Արցախի հուշարձանները

Ռուս հայտնի գործիչները ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ են արել պաշտպանել Արցախի հուշարձանները

Ռուսաստանի մշակույթի գործիչները, որոնց թվում են դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենցիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, խնդրում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանները ներառել համաշխարհային ժառանգության ցանկում`դրանց հետագա պահպանման համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք՝ միջազգային մշակութային հանրության ներկայացուցիչներս և հասարակական գործիչներս … խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգի տակ են և կարող են ոչնչացվել, ավերվել և վանդալիզմի ենթարկվել նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո: Մենք խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին օգտագործել իր հեղինակությունն ու լիազորությունները փրկելու համար հուշարձանները, դրանց համապատասխան կարգավիճակ տալու և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար»,-ասված է բաց նամակում:

Մշակութային գործիչները մտահոգություն են հայտնել, որ Ղարաբաղի մշակութային ժառանգությունը կարող է արժանանալ նույն ողբերգական ճակատագրին, ինչ սիրիական Պալմիրայի ժառանգությունը:

Նամակը, մասնավորապես, ստորագրել են դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, Թեոդոր Կուրենցիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսեյ Գերման կրտսերը, Էդուարդ Բոյակովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյաևան, Յուլիա Աուգը, գրող Զախար Պրիլեպինը և շատ ուրիշներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։