գլխավոր Գլխավոր ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շնորհավորել է նախարար Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:  

«Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին: 

ԱԳ նախարարները քննարկեցին նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը:    

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-ռուսական համագործակցության առաջիկա ժամանակացույցի շուրջ»,- ասված է հայտարարության մեջ: