գլխավոր Իրադարձային Մնացականյանը կասկած չունի՝ ԱԳՆ-ն լավագույնս առաջ կտանի Հայաստանի ազգային օրակարգն ու պետական...

Մնացականյանը կասկած չունի՝ ԱԳՆ-ն լավագույնս առաջ կտանի Հայաստանի ազգային օրակարգն ու պետական շահը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը կասկած չունի, որ ԱԳՆ ներուժը չափազանց ուժեղ է, որպեսզի այս պատասխանատու շրջանում լավագույնս առաջ տանի Հայաստանի ազգային օրակարգն ու պետական շահը: ՀՀ ԱԳ նախկին նախարարը նման կարծիք է հայտնել ԱԳՆ-ում կայացած հանդիպման ընթացքում, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանին:

«Կասկած չունեմ, որ պարոն Այվազյանն ունի անհրաժեշտ ներուժ՝ ղեկավարելու ԱԳՆ-ն և առաջ տանելու մեր ազգային օրակարգն արտաքին քաղաքական ոլորտում: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարոն վարչապետ, համակարգի նկատմամբ վստահության և այս տարիների ընթացքում այն աջակցության համար, որը մեզ թույլ տվեց էլ ավելի ամրապնդելու, պրոֆեսիոնալիզացնելու համակարգը»,- ասել է Մնացականյանը

Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին այն կարևոր օրակարգի համար, որը նա առաջ է տանում՝ Հայաստանի ժողովրդավարական հիմքերի ամրապնդման համար: «Արտաքին քաղաքականությունն, ի վերջո, ներքինի շարունակությունն է և մեր դիվանագիտական ներուժն ու կարողություններն առավել հաջողված են, երբ մեր թիկունքն ամուր է ու մենք կարողանում ենք աշխարհում ներկայանալ որպես ամուր, ինքնավստահ պետություն և ժողովուրդ: Մենք այս շրջանում ևս անցնում ենք բավականին պատասխանատու շրջան և կասկած չունեմ, որ մեր ժողովրդի համար այս շրջանն անցնում է վճռականությամբ՝ մեր երկիրն ուժեղացնելու, ամրապնդելու և ապահովելու ազատ ու բարգավաճ կյանք Հայաստանում»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: