գլխավոր Գլխավոր Դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը. Նիկոլ Փաշինյան

Դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ արտաքին գործերի նորանշանակ Արա Այվազյանը կկարողանա ողջ դիվանագիտական համակարգը համախմբել և կենտրոնացնել մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար: ՀՀ վարչապետն այս մասին ասել է ԱԳՆ-ում նորանշանակ նախարարին ներկայացնելու ընթացքում:

«Իհարկե, մենք գտնվում ենք չափազանց բարդ և ծանր մի ժամանակահատվածում, երբ եթե համարենք, որ ինչ-որ առումով ռազմական ծանրաբեռնվածությունը նվազում է, հայտնի հանգամանքների բերումով, դիվանագիտական ծանրաբեռնվածությունը համապատասխանաբար մեծանում է ու հենց դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը: Այս առումով, հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կկարողանա ողջ դիվանագիտական համակարգը համախմբել և կենտրոնացնել մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար:»,- ասել է վարչապետը:

Նա նաև հույս է հայտնել, որ ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով մեծ հարգանք և հեղինակություն է վայելում համակարգում, կաջակցի այդ հարցում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է խնդիրների ձևակերպումը, որովհետև, նրա խոսքով,  երբեմն դրանք ձևակերպելիս ենք խնդիր ունենում: «Այս ամենը պետք է վերլուծվի, պետք է հետևություններ արվեն, պետք է չվախենանք այդ հետևությունների մեջ լինել համարձակ, լինել դաժան ինքներս մեր նկատմամբ, որպեսզի այս ամենից կարողանանք դուրս գալ ուժեղացած»,- նշել է վարչապետը և Արա Այվազյանին մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ: