գլխավոր Հասարակություն ԱԳ նորանշանակ նախարարը վստահեցնում է, որ դիվանագիտական բանակը շարունակելու է առավելագույնս օգտագործել...

ԱԳ նորանշանակ նախարարը վստահեցնում է, որ դիվանագիտական բանակը շարունակելու է առավելագույնս օգտագործել ողջ ներուժը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը վստահեցնում է, որ դիվանագիտական բանակը շարունակելու է առավելագույնս օգտագործել ողջ ներուժը, 30-ամյա մասնագիտական փորձը, նվիրվածությունն ու վճռականությունը՝ ճակատագրական մարտահրավերներին դիմակայելու, ուղին հարթելու արժանապատիվ, արդյունավետ լուծումներ գտնելու համար:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարն այս մասին ասել է արտաքին գործերի նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում, որի ժամանակ վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարին:

ԱԳ նորանշանակ նախարարի խոսքով՝ Արցախի հերոսական գոյամարտի շարունակությունը ռազմադաշտից հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ և բոլորը լավ հասկանում են այն հսկայական պատասխանատվությունը, որ ունեն պետության, ժողովրդի և պատմության առաջ: «Ընդունված է ասել, որ դիվանագիտությունը հնարավորինի արվեստն է և երեկ, այսօր և վաղը մենք բոլորս արել ենք և անում ենք առավելագույնը, հնարավորինը: Վստահ եմ, որ այս փուլում էլ  ձգտելու ենք անել անհնարինը: Պարոն վարչապետ, ուզում եմ Ձեզ, մեր ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախին և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին վստահեցնել՝ այստեղ յուրաքանչյուրը հասկանում է, որ իրենից է կախված մեր երկրի ներկան ու ապագան: Եվս մեկ անգամ շնորհակալություն պարոն վարչապետ և Աստված մեզ օգնական»,- նշել է ԱԳ նախարարը:

Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին այս դժվարին պահին ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: «Լինելով կադրային դիվանագետ՝ ես Ձեր այս որոշումն ընկալում եմ նաև որպես վստահություն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նկատմամբ: Ձեր առաջարկի հիման վրա որոշումը կայացրել եմ որպես պետական ծառայող՝ լավ գիտակցելով պատասխանատվության ողջ բեռը, բայց միևնույն ժամանակ իմանալով, զգալով, որ մեր դիվանագիտական ընտանիքն անվերապահ աջակցություն է ցուցաբերելու և սատարելու է մեր այս նվիրական գործին»,- ասել է Այվազյանը: