գլխավոր Իրադարձային Առաջարկվում է պահպանել պաշտոնյայի դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերության...

Առաջարկվում է պահպանել պաշտոնյայի դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերության մեջ․ նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

«Օրենսդրական բացի հետևանքով առաջանում է լրջագույն խնդիր իրենց ընտանիքների կենսագոյության հետ կապված և ըստ մեզ գործող օրենսդրությունը չի համապատասխանում զինվորական ծառայողի իրավական և սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությանը:

Նախագծի նպատակն է` պահպանել պաշտոնյայի դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ»,-ասաց նա և նշեց, որ օրենքը հետադարձ ուժ ունենալու է և տարածվելու է այն զինծառայողների վրա, որոնք արդեն գերության մեջ են գտնվում: Նա նշեց, որ  դեռևս ճշգրտվում է մեր գերիների թիվը:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ նախագիծը նախարարության համար ընդունելի է և ներկայացրել են առաջարկություններ:

Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 71 ձայնով: Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստին մասնակցում էր միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: