գլխավոր Իրադարձային Նարիշկինի հայտարարությունն ուղղված է ոչ թե ԲՀԿ-ին, այլ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրածներին. Շաքե...

Նարիշկինի հայտարարությունն ուղղված է ոչ թե ԲՀԿ-ին, այլ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրածներին. Շաքե Իսայան

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, որ արևմտյան որոշ ուժեր իրենց խողովակներով սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին՝ վարկաբեկելու կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը ոչ մի կերպ ԲՀԿ-ին չի վերաբերում: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով հարցին, արդյոք Նարիշկինի այդ հայտարարությունը ուղղված չէ 17 կուսակցություններին, որոնք դժգոհ են այդ հայտարարության ստորագրումից:

«Պատերազմի ամենաթեժ օրերին մեր խմբակցության ներկայացուցիչները պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ գտնվել են Մոսկվայում, ԲՀԿ-ն կոնկրետ իր ուղղվածության մասին առաջին անգամ և մեկ անգամ չէ, որ ասել է: Մենք միշտ ենք ասել, որ ՌԴ ներկայացվածությունը տարածաշրջանում լրիվ թափով իրացված չէր և այն, ինչ-որ եղավ, նաև դրա հետևանքն էր: Մենք ասել ենք, որ ՌԴ ներկայությունը տարածաշրջանում 100 տոկոսով վերականգնված չէ, իսկ դա նշանակում էր, որ խնդիր կար մինչ այդ: Մենք դեմ չեն, կողմ ենք ռուսական խաղաղապահներին, մենք ասում ենք, որ դա ուշացած էր»,- շեշտեց Մելքումյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն էլ հորդորեց հայտարարության տեքստում ինտրիգներ չփնտրել և չփորձել ԲՀԿ-ի ու Ռուսաստանի միջև սեպ խրել, ինչը երեկվանից նկատվում է որոշ ԶԼՄ-ներում: «Ռուս բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը, հակառակը, ուղղված է այն ուժերին, որոնք սպասարկել են արևմտյան շահը` դավաճանելով հայկական շահը և ստորագրելով կապիտուլյացիոն փաստաթուղթ»,- ասաց Իսայանը: