գլխավոր Քաղաքականություն Սաուդյան Արաբիան նոր արշավ է սկսում «Մուսուլման եղբայրներ»-ի դեմ

Սաուդյան Արաբիան նոր արշավ է սկսում «Մուսուլման եղբայրներ»-ի դեմ

Սաուդյան Արաբիան նոր արշավ է սկսում ընդդեմ «Մուսուլման եղբայրներ»-ի՝ իսլամիստական քաղաքական շարժում, որի հանդեպ մտավախություն ունի Պարսից ծոցի միապետությունների մեծ մասը, հայտնում է AFP-ը:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում պաշտոնյաները, կրոնագետները եւ պետական լրատվամիջոցները նախազգուշացնում էին սաուդցիներին խմբավորման գաղափարների մասին՝ պնդելով, որ նրանք այլախոհություն են սերմանում եւ կոչ են անում անհնազանդություն ցուցաբերել պետության ղեկավարների հանդեպ: Նրանք հորդորում էին մարդկանց իշխանություններին հայտնել դրա անդամների մասին:

Սա վկայում է, որ Էր Ռիադը մտահոգված է, թե նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ավելի ուշադիր կհետեւի մարդու իրավունքներին ավտոկրատական թագավորությունում եւ ավելի հանդուրժող կլինի խաղաղ իսլամիստական ակտիվության նկատմամբ, ասում են փորձագետները:

«Մուսուլման եղբայրները», որը ողջունել էր ընտրություններում Բայդենի հաղթանակը, հերքել է Սաուդյան Արաբիայի մեղադրանքները:

Սաուդյան Արաբիան «Մուսուլման եղբայրներին» համարում է գաղափարական մրցակից եւ շարժման կողմից քաղաքական ակտիվության խթանումը, ներառյալ ընտրություններին աջակցելը, համարում է ուղղակի սպառնալիք իր կառավարման դինաստիկ համակարգի համար:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը «Եղբայրներին» դասում են ահաբեկչական կազմակերպությունների շարքին եւ տարիներ շարունակ լոբբիստական գործունեություն են վարում Վաշինգտոնում, որպեսզի այդպիսին հայտարարվի:

Բայդենն արդեն խոստացել է վերանայել Էր Ռիադի հետ հարաբերությունները՝ պահանջելով ավելի մեծ պատասխանատվություն Ստամբուլի հյուպատոսարանում սաուդցի գործակալների կողմից 2018-ին լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար, եւ կոչ անելով դադարեցնել Եմենում պատերազմին ԱՄՆ աջակցությունը: