գլխավոր Քաղաքականություն ՊՆ-ն չորս ամիս չի փոխանցել սպաների տան վարձի համար նախատեսված գումարները. զոհված...

ՊՆ-ն չորս ամիս չի փոխանցել սպաների տան վարձի համար նախատեսված գումարները. զոհված սպա Մկրտիչ Օհանյանի մայր

«Բնավ մտադրություն չունեի վերապրելու այն, ինչ արդեն վերապրել եմ, բայց երեկվա ԱԺ-ի նիստը, անբարոյականությունը… շահարկել են զոհվածի մոր անունը, որ իբր ինչ-որ մեկի թելադրանքով եկել եմ այստեղ եւ ելույթ եմ ունեցել ձեր առաջ»,- Ազատության հրապարակում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքի ժամանակ, լացը կոկորդում սեղմելով ասաց, սեպտեմբեր-հոկտեմբերյան պատերազմում զոհված սպա Մկրտիչ Օհանյանի մայրը՝ Անահիտ Օհանյանը: Նա հայտարարեց, որ որեւէ մեկի թելադրանքով չի, որ արդեն ելույթ է ունեցել Ազատության հրապարակում եւ, որ չի կարող հանգիստ նստել տանը, երբ «դավաճանն իր աթոռին նստած է»:

Ինքն էլ այդպես է արտահայտում իր վիշտը: «Ոչ մեկը բարոյական իրավունք չունի շահարկելու որեւիցե մոր անուն: Իմ վիշտը արդեն ինձ բավական է: Ինչի՞ եք ինձ ստիպել, որ նորից գամ այստեղ: Դե, եթե ստիպել եք, ուրեմն պատրաստ եղիր լսելու այն, ինչ ես կասեմ, պարոն վարչապետ. դու ունե՞ս անձնագրային բաժին, ունե՞ս առողջապահության նախարարություն, եթե ունես, ուրեմն իմ մասին տվյալներ նրանցից վերցնեիր, ոչ թե լրտեսներ ուղարկեիր իմ հիմնարկություն, ես արդեն ասեցի, որ բուժքույր եմ աշխատում, լրտեսը նստեր պատի տակ՝ նստարանին ու տեսներ, թե ես ի՞նչ անցուդարձ եմ անում: Բուժքույրը, որ Հիպոկրատի երդում է տվել, ի՞նչ պիտի աներ: Թե՞ ձեզ թվում է, թե այնտեղ ես ուրիշ բանուգործ չունեմ… էդ դուք բանուգործ չունեք ձեր ԱԺ-ում նստած, ես լիքը գործ ունեմ անելու: Ձեզ թվում է, թե էնտեղ ես քաղաքական խաղեր եմ տալիս, դա ձեր մասնագիտությունն է, իմը չէ: Իմ մասնագիտությամբ ես բուժում եմ մարդկանց: Խնդրում եմ՝ նման էժանագին քայլեր մի արեք: Ո՞ւր է ձեր պաշտպանության նախարարությունը…18 տարի ծառայած սպային ես տվել եմ քեզ Նիկոլ, ոչ թե հայրենիքին. դե հիմա բեր, իմ երեխայի մարմինը բեր՝ անաստված, սրբապիղծ»,- ասաց Անահիտ Օհանյանը:

Նա հորդորեց հանձնաժողով ուղարկել ՊՆ եւ ստուգել, թե ո՞ւր են գնացել սպայակազմի համար նախատեսված հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների համար նախատեսված տան վարձի գումարները: Անահիտ Օհանյանը պահանջեց, որ այդ գումարը փոխանցեն իր զոհված որդու ընտանիքին. «Դուք կարող եք ինձ սպառնալ, բայց ինձ լռեցնել չեք կարող: Քո սպաները քոչվորի կյանքով են ապրել. ամառը՝ անձրեւի տակ, ձմեռը՝ ձյան, դուք տան վարձն էլ չեք փոխանցել»: Նա զոհվածների մայրերին հորդորեց՝ ոտքի կանգնել եւ իշխանությունից պատասխան պահանջել՝ կատարվածի համար, քանի որ անգամ իրենց երեխաների, ամուսիններ, եղբայրների մարմիններն էլ չեն ստանալու, քանի որ դրանք այլեւս էկոլոգիապես վտանգավոր են. «Անաստված, ինչի՞ երկու օր հետո չարեցի այն, ինչ 40 օր հետո արեցիր, գոնե այսքան երեխեքի գլուխը չէիր ուտի: Անաստված, հեռացիր»: