գլխավոր Քաղաքականություն Արցախից ՀՀ տեղափոխված քաղաքացիների անտուն մնալու մասին Մարուքյանի պնդումները ճիշտ չեն. Սոցապ...

Արցախից ՀՀ տեղափոխված քաղաքացիների անտուն մնալու մասին Մարուքյանի պնդումները ճիշտ չեն. Սոցապ նախարարություն

Արձագանքելով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանն այն մասին, թե, իբր, Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներն անտուն են մնում, իսկ նախարարությունը չի աշխատում, ստիպված ենք արձանագրել, որ ԱԺ պատգամավորի այդ պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն: Այս մասին ասվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Կացարանի համար նախարարություն դիմած բոլոր քաղաքացիներին առաջարկվել է կացարան: Դրան համաձայնելու դեպքում՝ կազմակերպվել է նրանց տեղափոխությունը ժամանակավոր կացարաններ: Նախարարությանը դիմած և անտուն մնացած արցախցիներ Հայաստանում չկան:

Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է՝

Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված այն քաղաքացիները, ովքեր չունեն ժամանակավոր կացարան կամ հյուրընկալող, կարող են մոտենալ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող Արաբկիրի հայորդաց տուն, որտեղ շարունակում է գործել արցախցիների նախնական կայանման կենտրոնը: Այն աշխատում է շուրջօրյա: Կենտրոնում քաղաքացիները կարող են մնալ մինչև 24 ժամ, կա նաև սնվելու, գիշերելու և հանգստանալու հնարավորություն: Տեղում իրականացվում է քաղաքացիների կարիքների գնահատում, կացարանի կարիքի հայտ լրացվում: Կենտրոնից կազմակերպվում է քաղաքացիների տեղափոխումը ժամանակավոր կացարաններ:

Կենտրոնում աշխատում են նաև հոգեբաններ և սոցիալական աշխատողներ:

Շաբաթը 7 օր՝ 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով շարունակում է աշխատել նաև նախարարության 114 թեժ գիծը, որի միջոցով կարող եք ստանալ Ձեզ հուզող հարցերի պատասխանները, անհրաժեշտ ուղղորդումներ, ինչպես նաև՝ կացարանի կարիքի հայտ ձևավորել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում շարունակում է գործել սոցիալական աջակցության օպերատիվ շտաբը, որը զբաղվում է կացարանային ֆոնդի ձևավորմամբ և կարիքի համադրմամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի գործընկերների, այդ թվում ԱՀ պետական նախարարի հետ՝ արցախցի մեր հայրենակիցների առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծման համար: Նախարարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել արցախցի մեր գործընկերներին՝ դրա կարիքի դեպքում»։