գլխավոր Իրադարձային «Իմ քայլը» հիմնադրամը աջակցելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

«Իմ քայլը» հիմնադրամը աջակցելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

«Իմ քայլը» հիմնադրամը աջակցելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին թողունակության կրկնապատկման նպատակով։ Այն ուղղված է զինվորական ծառայության և պատերազմական գործողությունների ընթացքում խեղում կամ հիվանդություն ձեռք բերած զինվորականների վերականգմանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրամից: 

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր հերոս տղաները, մեր զինվորները մշտապես Հիմնադրամի հատուկ հոգածության տակ են եղել: Իսկ ստեղծված իրավիճակում, հատկապես, պարտավոր ենք մեր զորակցությունը հայտնել ու գործուն քայլերով աջակցել զինվորականներին ու նրանց ընտանիքներին: Մենք պարտք ենք բոլոր զոհված, անհետ կորած ու հաշմանդամություն ստացած քաջերին: Բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն մեր կյանքի: Բոլոր նրանց, ովքեր հարազատ ու տուն են կորցրել: Նրանց ընտանիքները պետք է արժանապատիվ ապրեն», – նշում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

Առաջին համալսարանական հիվանդանոցային համալիրի շենքի հիմնանորոգումը և կահավորումը նախատեսում է առաջին հերթին կենտրոնի թողունակության կրկնակի բարձրացում: Տարածքում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի, այսօրվա 300-ի փոխարեն ընդունելով 600-ի:

Հիշեցնենք, որ 2019 թ. Հիմնադրամի ցուցաբերած աջակցության շնորհիվ ամբողջությամբ ամրացվել էր Կենտրոնի մասնաշենքի միջնամասը, վերանորոգվել էր շուրջ 1000 քմ. տարածք, մեծացվել էր Կենտրոնի թողունակությունը 40 %-ով, բացվել էին լոգոպեդի և հոգեբանության նոր սենյակներ, ինչպես նաև՝ կինեզոթերապիայի նոր դահլիճ:

Կենտրոնը համալրվել էր նաև առաջին բուժօգնության համար անհրաժեշտ նոր սարքավորումներով։ Շուրջ 200 վիրավոր զինվոր ստացել է վերականգնողական բուժում, ատամնաբուժական ծառայություն, անհրաժեշտ դեղորայք և խնամքի պարագաներ։ Վերապատրաստվել էր բժշկական ողջ անձնակազմը։

Ներդրվել էր «Մեկ պատուհան» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է 557 վիրավոր զինվորների և զինհաշմանդամի հաշվառում, խնդիրների վերհանում, կարիքների գնահատում: Հիմադրամի միջոցներով Կենտրոնում բացվել է նաև Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող դահլիճը:

Վիրավոր տղաներից շատերն են նախկինում մարզիկ եղել, ու կենտրոնի բարեկարգումից ու համապատասխան կահավորումից հետո կարող են իրականություն դարձնել իրենց՝ կրկին մարզվելու երազանքը: Մարզասրահը տալիս է այդ հնարավորությունն ու, ըստ էության, խթանում նաև հաշմանդամային սպորտը մեր երկրում: