գլխավոր Իրադարձային ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության. Փաշինյան

ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարության խնդիրն է երկրում ձևավորել համաձայնության մթնոլորտ։ Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծում է` Հայաստանում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության:  ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին Փաշինյանն անդրադարձել է թեմային` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք պատկերացնու՞մ է ազգային համաձայնության կառավարություն, որը կարող է երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու ճանապարհներից մեկը լինել: 

Փաշինյանը պատասխանեց. «Շատ ավելի կարևոր է ազգային համաձայնության մթնոլորտը: Միշտ չէ, որ կառավարությունների ձևավորմամբ՝ համաձայնության վերնագրի ներքո, ձևավորվում է համաձայնության մթնոլորտ: Մեր խնդիրն է հիմա ձևավորել համաձայնության մթնոլորտ: Եվ կարծում եմ, որ այդ համաձայնության մթնոլորտի պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն և անվտանգություն»:

Վարչապետը կարծում է, որ հանրության ըմբռնումները, պահվածը, դիրքորոշումը դրա ամենավառ ապացույցն են: Նա վերահաստատեց նոյեմբերի 10-ից հնչեցրած իր միտքը: «Կայունությունն ու անվտանգությունը, որոնց նպատակը խորքային ժողովրդավարության երաշխավորումն է, մեր առաջնահերթությունն է, և մենք ունենք բավարար ներուժ՝ այդ հարցը լուծելու համար»,-ասաց Փաշինյանը: 

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցերին՝ վարչապետը շեշտեց` ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության: «Ես սա ասել եմ և հիմա էլ այդպես եմ կարծում, այդպես լինելու է միշտ: Եվ մենք այսօր կենտրոնացած ենք այդ աշխատանքի վրա»,-նշեց Փաշինյանը: 

Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխություններին՝ վարչապետն ասաց, որ հիմա քննարկումների շրջանն է, սակայն կառուցվածքային փոփոխության հարց այս պահին չի քննարկվում: