գլխավոր Գլխավոր «Մի հոդվածով ձերբակալում են, մեկ այլ հոդվածով՝ մեղադրանք առաջադրում». Արթուր Ղազինյան

«Մի հոդվածով ձերբակալում են, մեկ այլ հոդվածով՝ մեղադրանք առաջադրում». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար, չնայած, ինչպես ՀՔԾ-ից դուրս գալուց լրագրողների հետ զրույցում հայտնեց Արթուր Ղազինյանը՝ ինքն  մի քանի օր առաջ ձերբակալվել էր այլ հոդվածով:

«Մի հոդվածով ձերբակալում են, մեկ այլ հոդվածով՝ մեղադրանք առաջադրում: Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է: Ակնհայտ է, որ իրավական բաղադրիչը այս քրեական գործում գրեթե չկա, բացակայում է… Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց՝ կիրառված էր արդեն»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Ըստ Ղազինյանի՝ իր և ընդդիմադիր մյուս քաղաքական գործիչների՝ նախատեսվող հանրահավաքներից առաջ ՀՔԾ կամ ԱԱԾ հրավիրվելը ուղիղ կապված է իրենց կազմակերպած զանգվածային միջոցառումների հետ:

Արթուր Ղազինյանը նաև անդրադարձավ երեկ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած դիտարկումներին, ասաց, թե խայտառակություն է, երբ այլ պետության ղեկավարը, թեկուզ մեր ռազմավարական գործընկեր պետության ղեկավարը խոսում է մեր երկրի ղեկավարի դավաճան չլինելու մասին:

«Դիվանագիտական լեզուն մի փոքր տարբերվում է ուղիղ խոսքի հետ, հետևաբար՝ դա պետք է ընկալել և հասկանալ, որ հնչեց իր բերանից դավաճանություն բառը: Ես ուղղակի ամաչում եմ, ամաչում եմ՝ ՀՀ քաղաքացի լինելով, որ իմ պետության ղեկավարի մասին մեր գործընկեր պետության ղեկավարը օգտագործում է  դավաճան բառը՝ թեկուզև նեգատիվ իմաստով:

Իսկ ինչ վերաբերում  է նրա բոլոր գնահատականներին, ապա այստեղ որևէ նորություն  չկար: Մենք այդ մասին խոսում էինք արդեն ամսի 10-ից սկսած ամեն օր, որ Շուշիի հանձնումն Ադրբեջանին վերջին 25 տարվա բանակցային գործընթացի որևէ փաստաթղթի մեջ ներառված չի եղել: Այսինքն՝ դա օրակարգում չի եղել: Դա օրակարգում հայտնվել է բացառապես այս իշխանության պայմաններում սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով, մինչդեռ ինքը ևս իր խոսքում փաստեց, որ դրանից ևս հնարավոր էր խուսափել, և շատ զարմացած էր»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում