գլխավոր Իրադարձային Ալիևը հայտնել է ԼՂ-ում անվտանգության ապահովման գործողություններին Թուրքիայի ու Ռուսաստանի մասնակցության մասին

Ալիևը հայտնել է ԼՂ-ում անվտանգության ապահովման գործողություններին Թուրքիայի ու Ռուսաստանի մասնակցության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կմասնակցեն Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների «անվտանգության ապահովման գործողություններին»:

Այդ մասին նա խոսել է Ադրբեջանում Նիդերլանդների դեսպան Պաուլինա Էյզեմից հավատարմագրերը ստանալու ժամանակ:

«Հավանաբար, գիտեք, որ տարածաշրջանային երկրները աջակցել են այս հայտարարությանը (կապված Ղարաբաղի հետ՝ հեղ.): Մեր բոլոր հարևանները աջակցություն են հայտնել այդ հայտարարությանը: Մեր հարևաններից երկուսը՝ Ռուսաստանն ու Թուրքիան, մասնակցելու են ադրբեջանցիների ու հայերի անվտանգության ապահովման գործողություններին: Դրա համար էլ կարծում եմ, որ արդարացի կլիներ, եթե դուք էլ մեր կողմից լինեիք»,- «Ազերթաջ» պետական հեռուստաալիքի եթերում ասած խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ այսօր Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը տեղեկացրել էր, որ Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական հանցագործությունների և Արցախի դեմ վայրագությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլոց դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին պատգամավորներ Սադեթ Կարաբուլուտի և Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձևերը։