գլխավոր Հասարակություն «Տանս հետ այրվում է նաև սիրտս». գերմանական Bild-ի անդրադարձը՝ ԼՂ-ն լքող հայերին

«Տանս հետ այրվում է նաև սիրտս». գերմանական Bild-ի անդրադարձը՝ ԼՂ-ն լքող հայերին

Գերմանական Bild պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցող իրադարձություններին և նոյեմբերի 9-ն հրապարկված եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ ԼՂ որոշ շրջաններ լքող հայերի հետ զրույցներից հատվածներ հրապարկել։

Աղբյուրը գրում է, որ Քարվաճառի բնակիչներն այժմ ստիպված են իրենց տները լքելուց առաջ այրել դրանք՝ թուրքերին իրենցից հետո որևէ բան չթողնելու նպատակով։

«Տանս հետ այրվում է նաև սիրտս: Բայց պետք է այրեմ այն, որ այդպես թողնեմ »,- նշել է Քարվաճառի շրջանի բնակիչ Սևակը։

«Էլ չեմ վերադառնա, որ երեխաներս չապրեն այն, ինչ ես ապրեցի։ Չէի ցանկանում կռվել։ Շատ ընկերներ եմ կորցրել»,- նշում է Սևակը, որի ձայնին զուգընթաց լսվում է սղոցների և կացինների աշխատանքի ձայնը։

Աղբյուրը նկատում է, որ մարդիկ կտրում-տանում են ամեն բան՝ եկեղեցու պարագաներ, փողոցային լամպեր, անգամ իրենց հետ են վերցնում տան տանիքները, կտրում են ծառերը։ Շատերն էլ գերեզմաններից իրենց հարազատներին են հանում, այրվում են տներ, մարդիկ ասում են՝ «թուրքերին ոչինչ չենք թողնելու»։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհին լրագրողները նկատել են ավտոմատներով զինված երեք տղամարդ, որոնք կովերի և ոչխարների հսկայական նախիրներ ու հոտեր էին Հայաստան քշում:

«Հույս ունեմ, որ մինչև ադրբեջանցիների գալը կհասցնենք հեռանալ, հակառակ դեպքում մեր գլուխները կկտրեն»,- նշել է տղամարդկանցից մեկը։

Ռազմական գործողությունների մասնակից Արամ անունով զինվորն էլ պատմել է ադրբեջանական անօդաչու սարքերի և դրանց միջոցով միանգամից 30 հոգու ոչնչացման մասին։

«Առաջին շաբաթվա ընթացքում ոչնչացրին մեր տեխնիկան, սպանեցին մեր զինավորների մեծ մասին։ Սկզբում ամենաերիտասարդները զոհվեցին»,- հիշում է Արամն ու հավելում:

Աղբյուրը նշում է, որ Հավսաքաղ գյուղի բնակիչները նույնպես ստիպված են լքել իրենց տները։

«Որևէ բան նրանց չենք նվիրելու։ Մեզնից վերջինն այրելու է ամեն բան»,- իր դատարկ տանը կանգնած պատմել է Գայանե անունով գյուղական ուսուցչուհին: