գլխավոր Իրադարձային Աբխազիայի նախագահը նշել է այն դասերը, որոնք իր երկիրը պետք է քաղի...

Աբխազիայի նախագահը նշել է այն դասերը, որոնք իր երկիրը պետք է քաղի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակից

Շատ դժվար է ինքնահաստատվել համաշխարհային ասպարեզում առանց բարեկամ ուժեղ պետության աջակցության: Այս մասին հայտարարել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է eadaily.com կայքը:

«Լավ է, որ Հարավային Կովկասում կա այդպիսի հզոր զսպող գործոն, ինչպիսին Ռուսաստանն է»,-ասել է Բժանիան:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ դասեր կարող է քաղել Աբխազիան  Լեռնային Ղարաբաղի իրադարձություններից, նա նշել է, որ վիշտը է մտել հազարավոր ընտանիքներ. «Խաղաղության գինը առաջին դասն է, երկրորդ դասը` ինչ միջոցներով կարող ենք ապահովել այդ խաղաղությունը»:

«Մենք Վրաստանի հետ կարևոր չլուծված խնդիր ունենք: Ղարաբաղյան իրադարձությունների ֆոնին ակնհայտ է, որ Աբխազիայի շահերի ապահովման համար կարևոր է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը: Անհրաժեշտ է առավելագույնս լրացնել մեր երկկողմ համագործակցությունը, եթե ուզում ենք առաջընթաց գրանցել»,-նշել է Աբխազիայի նախագահը:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աշխարհում ռազմական բախումների թիվն աճում է, պատերազմ վարելու բնույթը փոխվում է, իսկ զինված ուժերի տեխնիկական հագեցվածությունը գերակա նշանակություն է ձեռք բերում: