գլխավոր Գլխավոր Ազատության հրապարակ․ մեր զարթոնքի ու ամոթի լուռ վկան

Ազատության հրապարակ․ մեր զարթոնքի ու ամոթի լուռ վկան

Հայաստանի ազգային և՛ զարթոնքի, և՛ ամոթալի էջերի լուռ ու, թերևս, մշտական վկան Ազատության հրապարակն է։ Այս 7750 քմ-ի վրա խտացած է մեր հավաքական հիշողությունը, բոլոր վերելքներն ու անկումները կարմիր թելի պես անցել են այս հրապարակով։ Թումանյանի ու Սպենդիարյանի հովանու տակ ծվարած հրապարակում վերջին մի քանի տասնամյակում զրույցները ոչ միշտ են Թումանյանական։

88-ին մենք դուրս եկանք փողոց, ցույցի։ Դա մեր ազգային զարթոնքն էր, այն ժամանակների համար չլսված մի բան։ Վերջապես ազգովի, բոլորով միասին մի բան ուզեցինք ու դա եղավ։ Ազգային միասնության պարգևն Արցախն էր։ Ու ի՞նչ եղավ հետո։

Հետոն այդ պարգևը փայփայելու ու շենացնելու ժամանակն էր, որը մենք վատնեցինք․․․անտեղի։ Քաղաքական գզվռտոցների, վերմակն իրար վրա քաշելու խայտառակ մրցավազքում բոլորը մի պահ մոռացան դրա մասին։ Հիշում էին միայն  բաժակաճառերի ու սեփական ոչնչությունը Արցախի համար կռված լինելով արդարացնելու ժամանակ։ Բոլորս գոռում էինք՝ «ոչ մի թիզ հող թշնամուն», բայց այդ նույն հողը պահելու համար ոչ մի ամուր հենք չստեղծեցինք։ Ավելին, սկսվեց պառակտումը, պիտակավորումը, շերտավորումը։ Գուցե դա էլ իր պատճառներն ունի, երբ որոշ քաղաքական գործիչների հասարակության աչքում դարձրին արցախցիների հավաքական կերպարն ու տասնամյակներով չչեզոքացրեցին կործանման տանող հայաստանցի-արցախցի բաժանարար գիծը։

2008 թ․․․ Ու նորից դուրս եկանք ցույցի։ Բայց այս անգամ դա զարթոնք չէր։ Դա քաղաքական գզվռտոցների շարունակությունն էր, գինն էլ՝ ողբերգություն։ Ազատության հրապարակում արյուն թափվեց։

Դրանից հետո այս հրապարակը հանգիստ չունեցավ։ Ով չէր ալարում, որոշում էր սեփական երազանքներն ու երևակայությունը բարձրաձայնել ի ցույց բոլորի ու հենց այս հրապարակի հարթակից։ Նույնիսկ որոշները հաջողացնում էին կողմնակիցներ հավաքել։

Այս հրապարակն էր դառնում գրված ու չգրված օրենքների բախման կետը և հաղթում էր անօրինականությունը։ Գրված օրենքը՝ ոստիկաններն էին, որոնք գործում էին հրամանով ու հաճախ այդ նույն օրենքից դուրս։ Չգրված օրենքը՝ ցուցարարները։ Չգրված օրենքները կապ չունեն տարին մի քանի անգամ փոխվող սահմանադրությունների ու կիսագրագետ ազգադավների խզմզած կամ պատճենած օրենքների հետ։ Չգրված օրենքների հիմքում բարոյականության հազարամյա դատավճիռն է, որից խուսափելը ամոթի խարանն է։ Ու այդ ցուցարարներն էլ հաճախ մնում էին այդ չգրված օրենքից դուրս։

2018-ին քայլելով եկան Ազատության հրապարակ։ Գյումրիից։ Ու սկսվեց ամենահակասական ու առ այսօր չդադարող վեճերի քայլարշավը՝ դա մեր զարթոնքի՞, թե մեր ամոթի քայլարշավն էր։  Հրապարակում ներկաները չէին էլ գիտակցում, հիմա էլ չեն գիտակցում։ Ու այդ ամենը Թումանյանի աչքերի առաջ։

Հիմա նորից ելել ենք ցույցի։ Քիչ ենք, որովհետև ցույց հրավիրողներն էլ հասարակության աչքի լույսը չեն։ Պահանջն արդարացի՞ է, իհարկե, ճի՞շտ լուծում է, չեմ կարող ասել։ Բարոյական տեսանկյունից այդ հավաքվածների հետ համաձայն է հասարակության շատ մեծ մասը, բայց չեմ ասի՝ մեծամասնությունը։ Սակայն նրանք փողոց դուրս չեն գալիս ու չեն գա, քանի որ վախն առ այդ քաղաքական գործիչներ շատ մեծ է։

Ինչևէ։ Այս պատերազմը ապացուցեց մի բան։ Հայաստանում, գոնե հիմա, հակացուցված է ժողովրդավարությունը։ Երկրի ղեկավար չպետք է ընտրվի ժողովրդի մեծամասնության սերն ու հարգանքը վայելող մեկը, քանի որ փորձը ցույց տվեց, որ ժողովուրդն ունակ չէ ճիշտ ընտրություն կատարել ու հեռուն նայել։

Մի ասացվածք կա՝ «ժողովուրդը իմաստուն է»։ Չգիտեմ՝  այն ժամանակ ինչպես էր, բայց հիմա այդ ասացվածքը վերաձևակերպելու կարիք կա՝ «ժողովուրդը պոպուլիստ է»։ Ու չպետք է նրան վստահել ղեկավար ընտրելու հույժ կարևոր պատասխանատվությունը, քանի դեռ նրան չես կրթել։ Ուզու՞մ ես ժողովրդավար երկիր, առաջին հերթին կրթիր հանրությանդ, այլապես կարող ես մոռանալ լավ ապագայի մասին։ Չի կարող ակադեմիկոս գիտնականի, սովորել չցանկացող մարտնչող տգետի ու ինժեների քվեն նույն արժեքն ունենալ, հակառակ դեպքում միշտ էլ անարժանները կընտրվեն, ու գինն արդեն տեսնում ենք՝ հայրենազրկում։

Հ․Գ․ Զգույշ քայլեք Ազատության հրապարակով։ Այն վաղուց արդեն պարզապես զբոսավայր չէ, այնտեղ մեր հավաքական ու գենետիկ հիշողությունն է գեներացված։ Ու մտածեք, թե այդ հրապարակում կուտակված հավաքական հիշողության ո՞ր մասում են ձեզ հիշելու՝ զարթոնքի, թե՞ ամոթի։

Աղվան Ասոյան