գլխավոր Քաղաքականություն Twitter-ը նախկին հաքերին անվտանգության ծառայության ղեկավար է նշանակել

Twitter-ը նախկին հաքերին անվտանգության ծառայության ղեկավար է նշանակել

Ամերիկյան Twitter Inc ընկերությունը, որին պատկանում է միկրոբլոգների համանուն ցանցը, նախկին հաքեր Պեյտեր Զատկոյին անվտանգության ծառայության ղեկավար է նշանակել: Նա լայնորեն հայտնի է եղել Mudge կեղծանվամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Twitter-ը Զատկոյին լայն լիազորություններ կտա, նա կկարողանա առաջարկություններ ներկայացնել աշխատանքի կառուցվածքի եւ մեթոդների փոփոխության վերաբերյալ, նշում է NBC News-ը: Նա ուղղակիորեն կենթարկվի ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսիին: Ակնկալվում է, որ 45-60 օր տեւողությամբ ստուգումներից հետո Զատկոն կստանձնի անվտանգության հիմնական խնդիրների կառավարումը:

Հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ կուսումնասիրի «տեղեկատվական անվտանգությունը, կայքի ամբողջականությունը, ֆիզիկական անվտանգությունը, հարթակի ամբողջականությունը»:

Վերջին ժամանակներս Զատկոն առցանց վճարային Stripe Inc. ծառայությունում համակարգում էր անվտանգության խնդիրները, իսկ նախկինում Google-ում աշխատել է հատուկ նախագծերի վրա:

Երեքշաբթի սակարկումների ընթացքում Twitter-ի բաժնետոմսերն աճել են 1,1%-ով: Այս տարվա սկզբից դրանք աճել են գրեթե 35%-ով, մինչդեռ Standard & Poor’s 500-ի ֆոնդային ինդեքսն այդ ժամանակահատվածում ավելացել է 11,6%-ով: