գլխավոր Գլխավոր Հասարակության պառակտումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում․ Պուտինը՝ Հայաստանում տիրող իրավիճակի...

Հասարակության պառակտումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում․ Պուտինը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին

Փաշինյանի իշխանության գալու հանգամանքները չեն ազդել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հարաբերությունների բնույթի վրա, այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ТАСС-ը։

«Ես չեմ հասկանում, թե ինչ է դա նշանակում: Ես ոչ մի առանձնահատկություն չեմ նշում Հայաստանի հետ մեր հարաբերություններում, ներառյալ վարչապետ Փաշինյանի իշխանության ժամանակաշրջանում», – ասել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինի խոսքով՝ ինքը Փաշինյանի հետ զարգացրել է «բավականին վստահելի ու կառուցողական» հարաբերություններ: «Ուստի, այդ ակնարկները [Երեւանի նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքի փոփոխության] համար ինձ համար պարզ չեն», – ասել է Պուտինը:

Պուտինը նաև ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեղադրանքները հիմք չունեն ․«Նրա հասցեին մեղադրանքները ինչ-որ դավաճանության համար հիմք չունեն»։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, որն իրավունք ունի լուծել ներքին խնդիրները, ինչպես անհրաժեշտ է գտնում:

«Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, դա մեր գործը չէ, դա Հայաստանի գործն է: Սա անկախ, ինքնիշխան պետություն է, այս պետությունն իրավունք ունի որոշելու իր ներքին գործերը,  ինչպես անհրաժեշտ է գտնում», – շեշտել է Պուտինը:

Խոսելով Հայաստանի մասին ՝ Պուտինը նշեց, որ հասարակության պառակտումը և զանգվածային բողոքների արդյունքում իշխանափոխությունը լավ արդյունքի չեն բերի ռազմական գործողությունների շեմին գտնվող երկրներում:

«Ես հավատում էի և հավատում եմ, որ մի երկիր, որը գտնվում է բավականին բարդ իրավիճակում, ռազմական գործողությունների շեմին, չի կարող իրեն թույլ տալ ներքաղաքական կյանքի և իշխանության կազմակերպում փողոցի միջոցով», – ասել է ՌԴ նախագահը՝ նշելով, որ դա վերաբերում է և՛ այսօր, և «մի քանի տարի առաջվա իրավիճակին»:

«Սա լավ բաների չի հանգեցնում: Հասարակության պառակտումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, կոնսոլիդացնել է պետք հասարակությունը, այլ ոչ թե փլուզել», – շեշտել է ՌԴ նախագահը: