գլխավոր Քաղաքականություն Բիլ Գեյթս. Համավարակի պայմաններում դիմակ կրելուց հրաժարվելը հավասարազոր է տաբատ կրելուց հրաժարվելուն

Բիլ Գեյթս. Համավարակի պայմաններում դիմակ կրելուց հրաժարվելը հավասարազոր է տաբատ կրելուց հրաժարվելուն

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը կորոնավիրուսի համավարակի պայմաններում դիմակ կրելուց հրաժարվողներին համեմատել է «նուդիստների» հետ՝ նման մարդկանց վարքագիծը անվանելով «տարօրինակ»: Նա այդպիսի հայտարարություն է արել պոդքաստի առաջին թողարկմանը, որը վարում է դերասանուհի Ռաշիդա Ջոնսի հետ, հայտնում է Business Insider-ը:

«Նրանք, ի՞նչ է, նուդի՞ստ են: Ձեզ խնդրում են տաբատ հագնել: Ոչ մի ամերիկացի, կամ շատ քիչ ամերիկացիներ են ասում, որ դա ինչ-որ սարսափելի բան է»,- ասել է միլիարդատերը: Ըստ նրա, այժմ միանգամայն պարզ է, որ դիմակ կրելու առավելությունները «հսկայական» են: Նա նաեւ ընդգծել է, որ դրանք կրելը նպաստում է տնտեսական գործունեության վերսկսմանը:

Գեյթսը նշել է, որ բժիշկները համավարակի սկզբնական փուլում դիմակների այսպիսի բարձր արդյունավետություն չէին ակնկալում, քանի որ դրանք հիմնված էին այլ շնչառական հիվանդությունների, օրինակ՝ մրսածության եւ գրիպի տվյալների վրա: Այս հիվանդությունների դեպքում վարակվել կարելի է, երբ մարդիկ հազում են, մինչդեռ COVID-19-ը կարող է փոխանցվել պարզապես խոսելու միջոցով, գրում է Business Insider-ը: Շնչառական այլ վիրուսների մեծամասնության դեպքում չկա COVID-19-ին բնորոշ «անհավանական վիրուսային ծանրաբեռնվածություն»,- ընդգծել է միլիարդատերը, գրում է Forbes-ը:

Գեյթսն անսովոր է անվանել նաեւ կորոնավիրուսի տարածման հնարավորությունը այն մարդկանց կողմից, ովքեր չունեն ախտանիշներ: Եթե մրսածությամբ կամ գրիպով տառապող մարդիկ սովորաբար տանն են մնում, քանի որ իրենց վատ են զգում, ապա COVID-19-ով վարակվածները կարող են իրենց լավ զգալ, դուրս գալ տնից եւ այն փոխանցել ուրիշներին՝ նույնիսկ չիմանալով այդ մասին: