գլխավոր Քաղաքականություն 2021թ–ին նախատեսվում է 3,2% տնտեսական աճ. Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեն

2021թ–ին նախատեսվում է 3,2% տնտեսական աճ. Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեն

2021թ–ի պետական բյուջեի նախագիծը կազմվել է նախքան արցախյան պատերազմի մեկնարկը, բայց դրա փոփոխությունը խնդրահարույց կլինի։ Այսօր ԱԺ–ում բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Այս պայմաններում 2021-ի համար մենք նախագծել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը խոր անկման և վերականգնման դեռևս անորոշ մեկնարկի տևողության պայմաններում հնարավորություն կտա նպաստել վերականգնմանն ու կապահովի ոլորտային քաղաքականությունների ապահովման համար անհրաժեշտ հատկացումների մակարդակ»,- ասաց Ջանջուղազյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ 2021թ–ի բյուջեն կազմվել է 2020թ–ի բյուջեի հիման վրա ու գրեթե դրա կրկնությունն է։

Նշենք, որ 2021 թվականին բյուջեով նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 569 միլիարդ դրամի եկամուտ, նախատեսված է 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ ծախս։ Դեֆիցիտը կկազմի 274 միլիարդ դրամ: Տնտեսական աճի ցուցանիշ է կանխատեսվել 3,2%:

Հիշեցնենք` ԱԺ հերթական նիստում այսօր խորհրդարանը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկումը։

Ընդդիմությունը բոյկոտեց նիստն ու հայտարարեց, որ երկրում ստեղծված իրավիճակում միակ հարցը, որ կարելի է քննարկել արտակարգ դրության իրավական ռեժիմի չեղարկումն ու վարչապետի հրաժարականն է։