գլխավոր Քաղաքականություն Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառները

Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառները

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառները:

Այս հարցին Թովմասյանն անդրադարձավ նոյեմբերի 17-ին գումարված հերթական նիստի ընթացքում:

«Ես նոյեմբերի 10-ի փաստաթղթին ծանոթացել եմ մամուլից, հաջորդ օրը գնացել եմ Արցախ` հասկանալու՝ ինչ է տեղի ունենում, ինչ կարող ենք անել և արդյոք այդ փաստաթուղթը հնարավոր է խմբագրել կամ որևէ բան կարող ենք արդյոք փոխել, թեկուզ` ժամկետների մասով: Հանդիպել եմ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Հանդիպել եմ ՀՀ վարչապետին, Հանրապետության նախագահին, մեր հոգևոր առաջնորդին, այսօր հանդիպել եմ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին, արել եմ ամենը, որպեսզի հասկանամ, թե ինչ է հնարավոր անել: Քարվաճառի շրջանի ամբողջական հանձնումից հետո իմ ծննդավայր Վարդենիսն իր 36 գյուղերով հայտնվելու է ամենավտանգավոր գոտում: Ես չէի կարող այդ մասով լռել: Ես կայացրել եմ խմբակցությունից դուրս գալու որոշում, դիմումը ներկայացրել եմ»,- ասաց Թովմասյանը:

Պատգամավորը հավելեց, որ այդ քայլով իր բողոքն է արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Պատգամավորի մանդատից չհրաժարվեցի իմ շատ գործընկերների, ինչպես նաև արցախցի մի շարք հարգելի մարդկանց խնդրանքով: Ես քաղաքական որևէ օրակարգ չեմ սպասարկում, իմ օրակարգում բացառապես իմ հայրենիքի շահն է»,- նշեց Թագուհի Թովմասյանը:

Ավելի վաղ պատգամավորական մանդատները վայր դնելու մասին հայտնել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանն ու Գայանե Աբրահամյանը: