գլխավոր Սպորտ Ցավալի է, որ Հայաստանում չենք խաղալու, բայց անելու ենք հնարավոր ամեն բան...

Ցավալի է, որ Հայաստանում չենք խաղալու, բայց անելու ենք հնարավոր ամեն բան ցանկալի արդյունքի հասնելու համար․ Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ տուրի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։ 

– Վրաստանի դեմ խաղում երկու հարձակվողով խաղալու մասին․

– Այնպիսի կազմ ունեինք, որ կարող էինք խաղալ հենց այդ մարտավարությամբ։ Մենք պետք է պրեսինգի ենթարկեինք մրցակցին ու ուժեղ ճնշման տակ պահեինք նրանց։ Թե՛ Ադամյանը, թե՛ Կարապետյանը հիանալի աշխատանք կատարեցին Վրաստանի դեմ խաղում։ Թիմն ընդհանուր առմամբ համախմբված էր, ինչն էլ օգնեց մեծ կենտրոնացվածությամբ խաղալ։ Մենք փորձում էինք տարածություններ ստեղծել ու խաղալ հակագրոհների վրա։

– Վրաստանի դեմ խաղի համեմատ կազմում փոփոխություններ կատարելու մասին․

– Ամենակարևոր խնդիրը ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակի վերականգնումն է, քանի որ ֆիզիկական առումով շատ ուժեղ չենք այս պահին։ Պետք է տեսնենք, թե ֆուտբոլիստներից որն ինչպես է վերականգնվում, քանի որ վաղվա խաղում տիտանական աշխատանք պետք է կատարենք։ Ֆուտբոլիստներ կային, որոնք հոգնած էին շատ, սակայն պետք է վստահենք նրանց, որոնք վաղը դաշտ են դուրս գալու։ Վաղվա խաղը շատ կարևոր է լինելու մեզ համար։

– Գևորգ Ղազարյանի մասին․

– Խաղադաշտում Գևորգը ցույց տվեց, որ ունի առաջնորդի հատկություններ։ Վրաստանի դեմ խաղում նա մեծ ծավալի աշխատանք կատարեց՝ չնայած այն փաստին, որ երկար ժամանակ չէր խաղացել։ Գևորգն այն ֆուտբոլիստներից է, որի համար պետք է ամեն ինչ անել, որ վերականգնվի վաղվա խաղի համար։

– Հանդիպման կարևորության ու Երևանում չխաղալու մասին․

– Ցավալի է, որ Հայաստանում չենք խաղալու։ Շատ լավ կլիներ, որ խաղայինք մեր ստադիոնում, դա մեծ տոն կլիներ։ Բայց ցավոք այնտեղ խաղալու հնարավորություն չունենք։ Բայց մենք անելու ենք հնարավոր ամեն բան ցանկալի արդյունքի հասնելու համար, քանի որ մի ամբողջ երկիր ուշադիր սպասում է մեր խաղին։ Կա մի բան որը շատ կարևոր է․ դա ամբողջ թիմի ու ամբողջ անձնակազմի գործադրած ջանքերն են։ Ֆուտբոլիստներ ունենք, որոնք երկար ժամանակ չեն խաղում իրենց թիմերում, բայց երբ հագնում են ազգային հավաքականի շապիկը, կատարում են մեծ աշխատանք։ Հուսանք, որ վաղը մարզական բախտը մեր կողմը կլինի ու կհասնենք լավ արդյունքի։