գլխավոր COVID-19 Սիբիրում կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված նոր տեսակ է զարգանում. Ռոսպոտրեբնադզոր

Սիբիրում կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված նոր տեսակ է զարգանում. Ռոսպոտրեբնադզոր

«Ռոսպոտրեբնադզոր»-ը որոշակի փոփոխություններ է գրանցել նոր կորոնավիրուսում, որը տարածվում է Սիբիրի տարածաշրջանում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Լուրը հայտնել է գերատեսչության ղեկավար Աննա Պոպովան «Նոր գիտական տվյալներ COVID-19 կորոնավիրուսային վարակի մասին» առցանց գիտաժողովի ժամանակ։

«Մենք որոշակի փոփոխություններ են տենսնում Սիբիրի տարածաշրջանում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այս տարածաշրջանում ձևավորվում է կորոնավիրուսի նոր տեսակ՝ որոշակի մուտացիաներով», – ասել է նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ կորոնավիրուսի այն մուտացիաները, որոնք հայտնաբերվել են Ռուսաստանում, չեն դարձնում վիրուսն ավելի վտանգավոր ու չեն անդրադառնում է համաճարակաբանական իրավիճակի վրա։

«Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք ՌԴ տարածքում, չի ուժեղացնում հարուցիչը կամ չի թուլացնում այն։ Պարզապես մենք տեսնում ենք ամենափոքր փոփոխությունները, որոնք կարող են դրանում տեղի ունենալ», – նշել է նա։
Պոպովայի խոսքով՝ լավ սարքավորումների և գերատեսչության ենթակայության տակ գտնվող հաստատությունների շնորհիվ «Ռոսպոտրեբնադզոր»-ն ունի հնարավորություն հետևելու վիրուսի բոլոր փոփոխություններին։

Նա նաև պատմել է, որ գարնան սկզբին ՌԴ-ում մասսայաբար տարածվեցին Արևմտյան Եվրոպայից բերված շտամեր, մինչդեռ Չինաստանից բերված շտամեր Ռուսաստանում չեն շրջանառվում։
«Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ խոսքը եզակի դեպքի մասին չէ, որը բնորոշ է միայն Սիբիրին։ Ենթադրվում է, որ այս մուտացիան արդեն տարածվել էր նաև ՌԴ-ից դուրս։ Միևնույն ժամանակ գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հետազոտությունները դեռ շարունակվում են։