գլխավոր Գլխավոր Երեք մարգարեական կանխատեսում, որ արհամարհվեցին այս պատերազմից առաջ

Երեք մարգարեական կանխատեսում, որ արհամարհվեցին այս պատերազմից առաջ

Արեգ Դանագուլյան, միջուկային ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (MIT)

Նախորդ հոդվածս՝ Հայ գիտնականն ու բանակը, արժանացավ բուռն քննարկումների:  Ընթերցողներից շատերը կապվեցին ինձ հետ` առաջարկելով իրենց օգնությունը ռազմարդյունաբերության զարգացման գործում՝ հետաքրքրվելով թե ինչ եմ ես ծրագրում անել այդ առումով: Իմ պատասխանը, որը տալիս եմ այս հոդվածում, շատ ավելի «կենցաղային» է, քան գուցե սպասված հակա-ԱԹՍ տեխնոլոգիաների զարգացման ծրագիրը, բայց նաև՝ շատ ավելի հեռանկարային ու համակարգային:

Հայաստանի հիմնական խնդիրը որոշումների կայացման մեթոդաբանությունն է:  Որոշումների կայացման գործում անտեսվում և հաճախ նաև ակտիվորեն բացառվում են մտածող մարդկանց և մասնագետների կարծիքներն ու խորհուրդները: Այլընտրանքային կարծիքները հաճախ ենթարկվում են ծաղրուծանակի, իսկ որոշ դեպքերում՝ թշնամական հարձակումների: Բավական է հիշել Էմիլ Սանամյանի 2018-ի հոդվածը Սիվիլնեթում, որտեղ նա զգուշացրեց մեզ թանկարժեք ՍՈՒ-30 կործանիչների այս հակամարտությունում անարդյունավետ լինելու մասին: Նաև հիշարժան է ՀՀ առաջին նախագահի անվտանգության խորհրդատու Ժիրայր Լիպարիտյանի բազմակի հորդորները, երբ նա զգուշացրնում էր, որ լուրջ փոխզիջումների բացակայության և «ազատագրված հողերին» կառչելու դեպքում մեզ սպառնում է կործանարար պատերազմ: Հանրահայտ ավիացիոն մասնագետ Նաիրա Հովակիմյանը 2018-ին մեզ զգուշացրեց` ԱԹՍ-ների սպառնալիքը դրոն հավաքելով չի լուծվի, պետք է մասնագետների պատրաստման երկարատև ծրագիր: Առաջին զգուշացումը ենթարկվեց ծաղրուծանակի (նույն մարդկանց կողմից, որոնք հետո 42 օր մեզ մոտալուտ «հաղթանակի» պատրանքներով էին կերակրելու), երկրորդը` «դավաճանության» կեղտոտ մեղադրանքների, իսկ երրորդը ուղղակի անտեսվեց: Երեք անտեսված զգուշացում`երեք սփյուռքահայ մասնագետների կողմից: Ցավոք, երեք կանխատեսումներն էլ իրենց ճշգրտությամբ մարգարեական պարզվեցին:

Ինչպես նախորդ հոդվածում էի նշել, արտաքին քաղաքականությունում պետք է կարողանաս հակառակորդին մի ձեռքով ձիթապտղի ճյուղ մեկնել, մյուսով ճոճել մեր «թուր կեծակին»:  Ցավոք, պարզվեց՝ մեր թուրը ժանգոտված է: Իսկ մեր պարզած ճյուղը ընդամենը փշոտ մացառ էր: Փաստը որ մենք թերագնահատեցինք թե՛ մեր դիվանագիտական տկարությունը, թե՛ մեր մարտական անպատրաստվածության աստիճանը, խոսում է այն մասին որ մեր որոշումները արդեն մի-քանի տասնամյակ է, ինչ կայացվում են իրականությունից կտրված և խորը մտածելու անընդունակ ղեկավարների կողմից: Իսկ դա բխում է մեկ այլ, շատ ավելի վտանգավոր հանգամանքից`հայաստանյան կրթության անմխիթար վիճակից:

«Մի՛ հարցրու, թե ինչ է կարող անել գիտությունը քեզ համար, հարցրու` ինչ դու՛ կարող ես անել գիտության համար»
Այստեղ փոխառում եմ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հայտնի խոսքը`մի հարցրու թե ինչ կարող է անել հայրենիքը քեզ համար, հարցրու, թե ինչ դու՛ կարող ես անել հայրենիքիդ համար:

Թերևս բոլորիս է ակնհայտ, որ ուժեղ ռազմարդյունաբերությունը անհնար է առանց հզոր գիտության և կրթության: Օրինակ, Բայքար ընկերության CTO-ն` Սելջուկ Բայրաքթարը, իր կրթությունը ստացել է իմ իսկ համալսարանում`Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Բայց Բայրաքթար ԱԹՍ-ի հաջողությունը կապված չէ միայն այս մեկ անձի հետ. այն կապված է Թուրքիայի վերին աստիճանի զարգացած կրթական և գիտական հաստատությունների առկայության հետ, որոնք ստեղծել են գիտնականների և ինժեներների մի հոծ սերունդ:

Մրցակցելու համար մեզ նույնպես պետք են բարձրակարգ մասնագետներ: Արագ-արագ դրոն հավաքելով բան չի ստացվի․ արդեն փորձել ենք: Պետք է կրթության և գիտության զարգացման երկարատև, աննկուն, համբերատար աշխատանք: Այդ աշխատանքը կպահանջի խորը և արմատական բարեփոխումներ, ինչն իր հերթին կպահանջի քաղակական կամք և անգամ քաղաքական ռիսկեր (ինչպիսինն են լայքերի սուրը պակաս և անգամ որոշ ցավալի unfollow-ներ): Բայց այն ղեկավարը, որը կհաջողի այս դժվարին գործում, կմտնի մեր պատմության դասագրքերի մեջ որպես ազգային հերոս:

Բայց ախր ի՞նչ կարող է անել օրինակ արվեստագետը, տաքսու վարորդը և ատամնաբույժը գիտության և կրթության համար: Լիքը բան:

Պահանջատեր քաղաքացի

ՀՀ քաղաքացին մուծում է հարկեր, որից վճարվում են կառավարական անձանց և ՊՆ-ի աշխատավարձերը: Քաղաքացին վստահում է իր զավակների կյանքերը  կառավարությանը հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում: Մի խոսքով, այդ քաղաքացին պետությանն է վստահում իր ամեն ինչը` երկրի գոյության պաշտպանության գործում: Այսպիսով, քաղաքացին պահանջատեր է. նա կարող է և պե՛տք է կառավարությունից պահանջի հաշվետվություն՝ ինչպես անցյալի աղետալի սխալների համար, այնպես էլ ապագա որոշումների և զարգացման ծրագրերի կապակցությամբ:

Որպես քաղաքացի դուք իրավունք ունեք պահանջել, որ իշխանությունները կարևորեն և առաջնահերթություն տան գիտության և կրթության զարգացմանը, ինչը մի շարք պատճառներով ասօր անմխիթար վիճակում է:

Այդ պատճառներն են ֆինանսավորման սակավությունը և կրթական ու  գիտական իրական ռեֆորմի բացակայությունը: Հայաստանը ծախսում է իր ՀՆԱ-ի ըդամենը 0,25%ը գիտական հետազոտությունների համար, մինչդեռ Թուրքիան ծախսում է 1%-ը, ԱՄՆ-ը` 2-3%-ը, իսկ Իսրայելը` 4%-ը: 0,25%-ը մեզ դնում է այնպիսի երկրների ցուցակում, ինչպիսիք են Ղրղզստանը և Ալժիրը: Այս անմխիթար իրավիճակը վատթարանում է գիտության ծայրահեղ անարդյունավետ կառավարմամբ, որը 2020-ի դրությամբ շարունակում է կիրառել 1980-անների խորհրդային կառավարման հնացած մոդելները: 

Վերջապես, միջազգային ստանդարտիզացված թեստերը (կոնկրետ` TIMSS ծրագիրը) ցույց են տալիս, որ Հայաստանում կրթությունը ապրել է հսկայական անկում 2000-ից սկսած: Մինչդեռ այդ ընթացքում Հայաստանում ՀՆԱ-ն հնգապատկվել է․ հետևաբար այս իրավիճակը հնարավոր չէ բացատրել զուտ ֆինանսավորման բացակայությամբ: 

Հայաստանյան կրթությունը, կարծես, ուղղակի լքված է այս և նախորդ իշխանությունների կողմից (եթե դա այդպես չէ, ապա թող այսօրվա իշխանությունները տրամադրեն այս թեզի սխալ լինելու կոնկրետ ապացույցներ):

Գիտությունն ու բարձրակարգ կրթությունը էժան բան չեն: Բայց լավ կազմակերպված գիտական և կրթական ծրագրի արդյունքները ծախսածի տասնապատիկն են: 

Ի՞նչ կարող եք անել դուք

Ընտրությունների ժամանակ հարցրեք ձեր պատգամավորին` ի՞նչ է նա մտադիր անել այս վիճակը շտկելու և բարելավելու համար: Ես կուզեի, որ ընտրությունների ժամանակ ամեն քաղաքացի պահանջի պատգամավորի իր թեկնածուից հետևյալ հարցերի հստակ պատասխանները.

1. Ի՞նչ եք դու՛ք մտադիր անել գիտության և կրթության արմատական բարեփոխման համար:  Առաջարկե՛ք կոնկրետ ծրագիր, ընդհանուր խոսքեր արդեն շատ ենք լսել:

2. Շատ բան է ասվել Սփյուռքի գիտնականներին Հայաստան հրավիրելու մասին: Kոնկրետ ի՞նչ է արվում, բացի բանավոր հրավերներից: Ի՞նչ ծրագրեր կան նրանց մասնակցությունը այս բարեփոխման մեջ խրախուսելու համար:

3. Երբ որոշ գիտնականներ այնուամենայնիվ գալիս են Հայաստան աշխատելու, նրանց խճճում են բյուրոկրատական քաշքշուկի և ներքին-կազմակերպչական ինտրիգների մեջ, դիմացները արգելքներ են շարում: Երբ որոշ համարձակ անձինք փորձում են վերափոխել համակարգը, օրինակ՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը, նրանց դեմ սկսվում է իսկական մարդաորս: Ի՞նչ եք անելու խայտառակ այս վիճակը շտկելու համար:

4. Ահագին բան է ասվել կրթության վերափոխման ծայրահեղ կարիքի մասին: Բայց այս գործով աշխատող հանձնաժողովները գործում են շատ փակ և, կարևորը, բացարձակապես չեն ներառում Սփյուռքի մասնագետներին, անտեսում են նրանց խորհուրդները: Ինչո՞ւ է մերժվում այս օգնությունը: Ինչո՞ւ մենք չենք գործածում այս հսկայական ներուժը:

5․ Լույս ծրագիրը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել հայ ուսանողների կրթության համար արտասահմանյան լավագույն համալսարաններում: Նրանցից շատ քչերն են վերադարձել հայրենիք` իրենց գիտելիքը նրան ծառայեցնելու: Ի՞նչ է արվում, որպեսզի այս ծրագրի շրջանավարտներին խրախուսվի վերադառնալ Հայաստան:

6․Ո?րն է Լույս ծրագրի շարունակությունը: Խոսeցինք այսպես կոչված Հույս ծրագրի ստեղծման մասին: Դրանից արդեն երկու տարի է անցել, պատմե’ք մեզ, թե ինչ արդյունքներ ունենք:

7. Ասում ենք, որ գիտության և տեխնոլոգիայի զարգացումը առաջնահերթություն է: Նկարագրեք, թե ինչ են անում ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիաների նախարարությունները բարձրորակ մասնագետ ղեկավարներով հագեցնելու համար:

Կարող եմ անվերջ շարունակել: Այս հարցերը պետք է դառնան կենցաղային մեր քաղաքական դիսկուրսում: Եթե քաղաքացին չպահանջի, պատգամավորը ոչինչ չի անի: Բայց եթե թեկնածուն իմանա, որ իր բաղձալի պաշտոնին հասնելը նաև սրանից է կախված, կսկսի ակտիվ մտածել և քրտնաջան աշխատել: 

Հիշեցնեմ ձեզ՝ այս հարցերից շատերը բարձրացվել էին 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: Հետո լրիվ մոռացության էին մատնվել: Մի՛ կրկնեք անցյալի սխալները:

Ինչ պետք է անի ծնողը

Եվ ամենակարևորը՝ դուք շատ բան կարող եք անել որպես ծնող: Խրախուսե՛ք ձեր երեխաներին, որ կրթությանը լուրջ վերաբերվեն: Պահանջե՛ք, որ ձեր երեխան պատասխանատվությամբ վերաբերվի ԲՈՒՀ-ին տված ձեր վարձին և համապատասխան գործ անի: Դիպլոմը այլևս ոչ ոքի պետք չէ, պետք է գիտելիքը:

Ձեր երեխաների զարգացման մեջ առաջնահերթություն տվե՛ք գիտելիքին ու կրթված ապագային, այլ ոչ թե փողով բժշկական ընդունվելուն:  

Առաջնահերթ համարե՛ք լավ առաջադիմությունը, այլ ոչ թե արտագրելն ու գրագողությունը:

Կարևորե՛ք դժվար խնդրիներ լուծելը, կրեատիվությունը: Եվ, ամենակարևորը, կարևորե՛ք կրիտիկական մտածելակերպը, այլ ոչ թե դոգմայի անգիր կրկնությունը:

Եվ եթե դա անեք, ապա մեզ մոտ կմեծանա մի պայծառ սերունդ, որը կունենա գիտելիքի տենչանք, ճկուն միտք և դժվար խնդիրներ լուծելու ագահություն: Կունենանք փայլուն գիտնականներ և գրագետ քաղաքացիներ, որոնք բացի ամեն ինչից, կբերեն մեզ այդքան մեծ կարևորություն ունեցող հրատապ լուծումներ նաև պաշտպանության ոլորտում:

Կոտրել կարծրատիպերը

Պետք է շեշտեմ` մենք պետք է լքենք միջնադարյան կարծրատիպերն ու հայրիշխանական պատկերացումներն այն մասին, թե «ում խելքի բանն է» գիտությունը:  Աղջիկներին և կանանց պետք է խրախուսել գիտությամբ զբաղվել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք, եթե նրանց չխանգարեն ու փոքր հասակից կարծրատիպերով թևաթափ չանեն, դառնում են հոյակապ գիտնականներ: Եթե հաշվի առնենք, որ մեր բնակչության կեսը կանայք են, ապա պարզ է դառնում, թե ինչ հսկայական ռեսուրս ենք մենք վատնում, երբ կարծրատիպերով արգելափակում ենք նրանց մուտքը գիտություն:

Կրկնում եմ՝ եթե սա էլի ականջի հետև գցենք, ինչպես դա արեցինք վերջին երեսուն տարվա ընթացքում, ապա կունենանք նոր աղետներ: Մեր ապագան մեր ձեռքերում է:  Մեր ամենավտանգավոր թշնամին իրականում ոչ թուրքն է ու ոչ էլ ադրբեջանցին. դա համատարած տգիտությունն ու անգրագիտությունն է, որոնք թունավորում են մեզ ներսից: Եկե՛ք միասին ջախջախենք այդ նենգ թշնամուն:

Վերջաբան

Ես այս հոդվածում շեշտում եմ ճշգրիտ գիտությունները ոչ թե որովհետև միայն դրանք եմ կարևոր համարում, այլ միայն որովհետև ես ինքս այդ ոլորտի մասնագետ եմ: Իհարկե, շատ կարևոր են նաև ուրիշ բնագավառները: Մենք որպես հասարակություն սխալ որոշումներ ենք ընդունում որովհետև չգիտենք մեր իսկ պատմությունը, քանի որ մեր դասագրքերը պատմություն դասավանդելու փոխարեն մեզ սնում են «հարենասիրական» մեղրահամ հեքիաթներ: Մենք տարանջատում ենք աշխարհը մութ և լույս ուժերի, կարծես այն լինի Star Wars-ի հերթական սերիա, որովհետև չգիտենք հասարակագիտություն:    

Այս ամենը թուլացնում է մեր միտքը: Թուլացնում է մեր հասարակությունը և երկիրը:  Իսկ մենք թուլանալու տեղ չունենք: Մեր բարդ տարածաշրջանում բավական չէ ուժեղ լինել. պարտադիր է շա՛տ ուժեղ լինել: Եթե Իսրայելը ընդամենը ուժեղ լիներ, ապա այն վաղուց դադարած կլինիր գոյությունը: Իսրայելը իր հասարակության մեջ կրթության իսկական պաշտամունք է ստեղծել, որը այս դարում իրեն տվել է փայլուն գիտնականներ, ինժեներներ, դիվանագետներ և զորավարներ:

Այսպիսով, կրթության պաշտամունքը պետք է դարձնենք հայ մշակույթի կենտրոնական սյունը:

Աղբյուրը՝ Civilnet.am