գլխավոր Գլխավոր Արցախ․ պատերազմ, թե՞ դավադրություն․ Վահե Լոռեցյան

Արցախ․ պատերազմ, թե՞ դավադրություն․ Վահե Լոռեցյան

Պատմաբան Վահե Լոռեցյանն իր ֆեյսբուքյան էջում վերլուծել է Արցախյան երկրորդ պատերազմի ամբողջ ընթացքը, պատմել իր աչքով տեսածն ու ականջով լսածը․

«Երկար եմ մտածել, այս ամենը հրապարակելուց առաջ։ Ի վերջո որոշեցի գրել, քանզի որպես հայ՝ անիրավ է իմ լռությունը։
Այն, որ պետերազմը թակում էր մեր դուռը, ցանկացած բանական մարդ զգում էր, գիտակցում էր։ Իսկ ի՞նչ էր անում այդ ժամանակ մեր պետությունը։ Ինչո՞վ էինք զբաղված մենք՝ բոլորիս է հայտնի։ Ես երբեք չեմ վստահել ո՛չ նախորդ, ո՛չ այս իշխանություններին, բայց պատերազմի առաջին օրերին լինելով Արցախում, դավադրություն և դավաճանություն տեսա։


Առհասարակ, պատերազմները հաղթում կամ պարտվում են այն սկսելուց շատ առաջ։ Պատերազմի այդ՝ նախապատրաստական փուլը մենք տանուլ տվեցինք։ Իսկ ի՞նչ եղավ բուն պատերազմի ժամանակ։ Բայց, սկսեմ սկզբից։
Պատերազմի առաջին իսկ օրը, վարչապետը (գերագույն, գլխավոր հրամանատարը) իր խոսքում մի այսպիսի արտահայտություն արեց․-Ինչ էլ որ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարելու։
Ո՞րն էր նպատակն այս արտահայտության։ Ինչու՞ առաջին իսկ օրվանից պարտվողական արտահայտություն։ Արդյո՞ք խոսքի նպատակը հայությանը այս պարտությանն ու դավաճանությանը հոգեբանորեն նախապատրաստելը չէր։
Հետագայում, Նիկոլի հնչեցրած մարտակոչից պարզ դարձավ, որ վարչապետը ոչ միայն ոչ ադեկվատ է, այլև՝ ուղղակի չի տիրապետում ամենատարրական ինֆորմացիային։ Մասնավորապես, վարչապետը կամավորներին կոչ էր անում զինկոմիսարիատներ այցելել՝ իրենց հետ վերցնելով զրահաբաճկոններ, զրահագլխարկներ։ Եվ մարդը, որը չգիտի, որ այդ պարագաները զինվորները զորացրվելուց առաջ հանձնում են զորամասերին, ստանձնել էր բանակի հրամանատարությունը։ Պատերազմող երկրի ղեկավարը․․․
Ապա վարչապետը դարձյալ զինակոչով հանդես եկավ և հայտարարեց, թե համայնքների ղեկավարներին կարգադրել է կամավորական ջոկատներ կազմակերպել և ստանձնել այդ ջոկատների հրամանատարությունը։ Սա ոչ միայն անլուրջ էր, այլև՝ ծիծաղելի։ Գյուղապետներն ու քաղաքապետնե՞րը պետք է զորահավաք կազմակերպեին։ Բա ու՞ր էին զինկոմիսարիատները։ Եվ համայնքապետնե՞րը պետք է ստանձնեին հրամանատարությունը։
Ի դեպ, զինկոմիսարիատների մասին։ Ընկերոջս տղան Միջին Ասիայում գործուղման էր։ Գործուղումն ավարտվում է հոկտեմբերի 7-ին, նա վերադառնում է հայրենիք, տուն չհասած՝ զինկոմիսարիատ է գնում և կամավորագրվում։ Նշում է, որ ունի զինվորական պահանջված մասնագիտությունը, ունի շքանշաններ․․․ տուն են ուղարկում՝ Թե գնա, կկանչենք։ Մինչ օրս կանչում են։ Իհարկե, այդ տղան 2 օր սպասելով՝ կամավոր մեկնել է Արցախ ու մինչ օրս այնտեղ է։
Նման դեպքեր շատ եմ լսել։ Բայց դեռ սա՛ չէ ամենակարևորը։
Նիկոլը մի քանի անգամ հայտարարեց, թե կռվող չունենք։ Հայտարարեց, թե զորքը չի բավականացնում։ Բայց, նույն ժամանակ, 18-ց 65 տարեկանների համընդհանուր մոբիլիզացիա էր հայտարարված։ Ինչու՞ չիրականացվեց այդ մոբիլիզացիան։ Ինչու՞ կամավորներին ճակատ չտեղափոխեցին։ Արցախի նախագահի հայտնի ելույթից մեկ օր հետո, երբ աղերսում էր, որ մարդիկ կամավորագրվեն, ինչու՞ Արմավիրի գնդում 20 օր պահվող մոբիլիզացիոն ուժերին՝ հարյուրավոր կռվողների, տուն ուղարկեցին։
Սա դավադրություն ու դավաճանություն էր, թե՞ ոչ․․․
Սեպտեմբերի 30-ն էր։ Շուշիում էինք։ Մոտ 10 ավտոբուսներով, ոստիկանական զորքեր բերեցին քաղաք՝ 500 հոգի (հետագայում ոստիկաններն իրենք հաստատեցին, իրենց թվաքանակը։ Բերածս բոլոր թվերը լսել եմ ոստիկաններից)։ Գրեթե մեկ օր, ոստիկանները պարապ քայլում էին քաղաքի փողոցներով՝ անհոգ խոսելով հեռախոսներով։ Շուշեցիները մի քանի անգամ նկատողություն արեցին նրանց, որ հեռախոսներով թիրախավորում են իրենց, բայց ոստիկանները միևնույն է, նույն անհոգությամբ․ առանձին խմբերով զբոսնում էին։ Այսպես շարունակվեց, մինչև, որ քաղաքը ռմբակոծվեց ու միացավ տագնապի ազդանշանը։
Ոստիկաններն ապաստանեցին թաքստոցներում։ Ապա ինչ կատարվեց երեկոյան, ուղղակի սարսափելի էր։ Ոստիկաններին հավաքեցին Շուշիի մշակույթի պալատում։ Պատկերացրեք, 500 հոգու, ռմբակոծվող քաղաքում հավաքեցին մի կետում։ Թշնամու հրետանային հարվածից զոհվեցին 18 ոստիկաններ ևս 80 հոգի վիրավորվեցին։ Ավելորդ չէ ասել, որ պաշտոնական լրատվությունը Շուշիի մշակույթի տան ռմբահարումից հետո հայտարարեց սոսկ մի քանի քաղաքացիական անձանց զոհվելու մասին։ Ապա սկսվեց քաոսը։ Փրկված ոստիկանների մի մասը թողած զենք, ամեն բան, փախան տարբեր ուղղություններով։ Հիմնական մասը ապաստանեց շենքերի նկուղներում։
Մենք ընկերներով այցելեցինք ոստիկաններին։ Դողում էին, ոմանք՝ լալիս էին, շոկի մեջ էին։ Բայց, ամենակարևորը։ Մեր զրույցից պարզվեց, որ այդ ոստիկաններին Արցախ էին բերել․․․ խաբելով։ Այո՛, խաբելով։ Շիրակի, Տավուշի և Լոռու մարզի ոստիկաններն էին, որոնց ասել էին, թե Վարդենիս էին տանում։ Նրանք հայտարարեցին, թե հրաժարվում են կռվել, հրաժարվում են զենք վերցնել, իրենց խաբել են, բերել Շուշի։ Անգամ ամոթանք տվեցինք, թե ամիս առաջ հրաման էիք կատարում ու դիմակների համար տուգանք գրում, հիմա հայրենիքը պաշտպանելու ժամանակն է։ Պատճառաբանեցին․- Ախպեր ջան, մենք ոստիկան ենք, մեզնից ի՞նչ կռվող․ մեկս քրեականի օպեր ենք, մեկս քննիչ ենք, մենք զենք բռնած չենք․․․
Ինչևէ․ հիմա հարցս․ արդյո՞ք սա համակարգված դավադրություն չէր։ Խաբելով մարդկանց Արցախ են բերել՝ առանց որոշակի պատրաստվածության։ Ռմբակոծվող քաղաքում ժողով են գումարել (որին հրավիրված էին Արցախի պաշտոնատար անձինք․ ներկա է եղել պաշտպանության փոխնախարարը)։ Ոստիկանների ասելով՝ ռադիոմայակ է աշխատել։
Հաջորդ հարցս․ եթե անգամ դավադրություն չէր․ ինչու՞ չպատժվեց թեկուզ անփութության հետևանքով անձնակազմի 20 տոկոսին կորցրած հրամանատարը (ոստիկանների ասելով՝ գնդապետ Տիգրան Կարապետյան)։

Պատերազմն այսպես ասած՝ կես էր եղել։ Թշնամին սպառնում էր Բերձորին։ Ընկերներով Բերձորում էին, գնացինք Բերդաձոր՝ նպատակ ունենալով ամրացնել տեղի դիրքերը, օգնել տեղացիներին։ Այցելեցինք Բերդաձոր գյուղ։ Գրկաբաց ընդունեցին։ Գյուղապետը՝ Դավիթը, ներկայացրեց վիճակը։ Զենք ունեն, բայց շատ բաների կարիք կա։ Իրեն հանձնեցինք մի քանի արկղ դեղորայք, սնունդ, հագուստ, հետագայում նաև՝ գիշերային դիտարկման սարքեր և կապի միջոցներ։


Գյուղապետն ասաց, որ գյուղից 2 կմ հեռավորության վրա, բլրի գլխին դիտարկման համար պոստ են դրել, որը պաշտպանում են գյուղացիները, մի տասնյակ կամավորներ, ոստիկաններ։ Ասաց նաև, որ այդ ամենը ինչ որ զորամասի հսկողության տակ է և տեղի պատասխանատուն ինչ որ գումարտակի հրամանատար է (ասաց՝ կամբատ)։ Հարցրինք, թե գիշերային դիտարկման սարքերի բացակայությամբ ինչպե՞ս եք դիտարկում, ուսերը թոթվեց։ Գյուղում ու մատույցներում չկային դիրքեր։ Գյուղացիները չնայած զինված էին, տագնապի դեպքում չգիտեին իրենց անելիքը, թե ով որտեղ պետք է տեղակայվեր․․․ (ռազմաճակատը գտնվում էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա)։ Մի խոսքով՝ անելիք շատ կար, որոշեցինք մնալ և օգնել, կարգավորել։
Բայց, վաղ առավոտյան, մենք լրիվ այլ գյուղապետ տեսանք։ Եկել էր իր ասած կամբատը, ասել, որ մեր կարիքը չունեն, թող հեռանան։ Երբ առարկեցինք, ասելով, որ կմնանք, ձեր հրամանի տակ կպաշտպանենք գյուղը՝ նա հեռախոսով մեր խոսքերը փոխանցեց այդ կամբատին ու ստացավ պատասխան․-Չէ, պայոկ մի տվեք, թող գնան էդտեղից․․․
Չնայած, օրեր անց, ես անձամբ Դավիթին հանձնեցի դարձյալ կապի միջոցներ, գիշերային դիտարկման սարքեր․․․ և գյուղապետը խնդրեց, որ քիչ են, գոնե 24 հոգու կարիք կա, որ գյուղը պաշտպանեն․․․
Հիմա Ձեզ եմ հարցնում․ ինչպե՞ս կբնութագրեք այս ամենը․․․
Առհասարակ, պատերազմի առաջին օրերից ասում էին, թե բանակն ապահովված է սնունդով, զենքով, անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Արդյո՞ք այդպես էր։ Ասում էին՝ Ստեփանակերտում պահեստները պայթում են։ Այդ դեպքում, ինչու՞ այդ ամենը չէր հասնում դիրքեր։ Ինչու՞ դիրքերն ապահովված չէին անհրաժեշտ սնունդով ու սարքավորումներով, կամավորներն ու զինվորներն ապահովված չէին անգամ տաք հագուստով։ Իմ ընկերներից շատերը պատերազմի ողջ ընթացքում դրամահավաք կազմակերպեցին, ըստ պահանջի սնունդ, հագուստ, տեխնիկական միջոցներ ուղարկեցին թե՛ կամավորներին, թե՛ հենց բանակին։ Ինչու՞ հյուսիսային ուղղությամբ գործող զորամիավորումներն ապահովված էին, հարավային ուղղությամբ գործող զորախմբերը՝ ոչ։ Ընկերներիցս մեկը հարավում տեղակայված զորամասի հրամանատարության խնդրանքով հագուստ ու սնունդ հասցրեց։ Երկրորդ անգամ փորձեցինք, բայց Բերձոր-Շուշի ճանապարհն արդեն փակ էր․․․ Որ զորքը հարավում լքված, սոված ու մրսած էր՝ անձամբ ինձ պատմել են շատերը․․․
Մի՞թե սա դավադրություն չէր և նպատակը հարավից թշնամուն ներս թողնելը չէր։
Շատ խոսակցություններ եմ լսել, որ նույն զորամիավորման, նույն ուղղությամբ, անգամ նույն դիրքերում գտնվող ստորաբաժանումները միմյանցին անտեղյակ են գործել, քանզի․․․ ամենասովորական կապի միջոցներ չեն ունեցել։
Նույն հարավային ուղղությամբ պատմում էին, որ կամավորներին տարել, տեղակայել են բաց դաշտում, ուր կար տրակտորով սարքած մի բլուր և ասել, պետք է դիրքավորվեք։ Չեն ապահովել ոչնչով։ Սպառազինությունը եղել է միայն ինքնաձիգ։ Կապ և հրամանատար անգամ չի եղել։ Այդ խմբերը կորցրել են անձնակազմի մոտ 70-80 տոկոսը։ Մի՞թե սա դավաճանություն չէ։
Ամբողջ մեկ ամիս, Արծրուն Հովհաննիսյանի բերանով հասարակությանը հրամցվեց սուտը, ըստ որի՝ մեր դիրքերը կայուն են և թշնամին չունի էական հաջողություն։ Այն անձինք, ովքեր գիտեին իրականությունը և բարձրաձայնում էին՝ պարսավանքի էին արժանանում թե՛ իշխանությունների, թե՛ հասարակության կողմից։ Բայց հանկարծ մեկ օր․․․ քարտեզ հրապարակվեց։ Ինչու՞։ Մի՞թե սա հասարակությանը կատարվածի առաջ կանգնեցնելու նպատակ չէր հետապնդում։ Հասարակության զգոնությունը թուլացնելու միտում չուներ։ Հասարակությանը բարոյալքելու նպատակ չուներ։
Երբ ՔՊ մի պատգամավոր ֆեյսբուքյան գրառում էր արել, իբր, թշնամու առաջին կրակոցից հայոց զորքը փախել է, դիրքում միայնակ մնացել է Աշոտիկը։ Եվ այդ գրառումը տարածել էր իր էջում Աննա Հակոբյանն անգամ։ Բոլորին էլ պարզ էր դրա ստահոդությունը։ Բայց մի՞թե նաև այսպես բարոյալքում տարածելու նպատակ չկար։ Եվ դավաճանությու՞ն չէր սա։
Մի՞թե դավաճանություն չէր ռազմաճակատի դրության մասին ստահոդ լուրեր տարածելն ու հասարակությանը մոլորեցնելը։
Պետք չէ ստրատեգ լինել, որպեսզի հասկանաս, որ թուրքերի հարձակման ձևն ու ուղղությունը Արաքսի հովտով, անհեթեթություն էր։ Նրանք շուրջ 120 կմ առաջացել էին՝ ունենալով ընդամենը 10-20 կմ խորություն։ Արևմուտքից և հյուսիսից հայկական զորքն էին, հարավում՝ Արաքսը։ Թշնամին ծուղակի մեջ էր։ Հարկ էր կտրել նրանց թիկունքն ու շրջափակման մեջ առնել։ Կամ, հարկ էր ուղղակի հրետանային կամ ականանետային կրակով մաղել տարածքը։ Թշնամին դատապարտված էր։ Սակայն, չարվեց․․․ Մի՞թե դա դավաճանություն չէր։
Նույնը կասեմ Շուշիի ուղղությամբ թշնամու ձեռնարկած հարձակման մասին։ Նախ հասարակությանը խաբեցին, թե թափանցել են միայն դիվերսիոն խմբեր (նույնը Հադրութի պարագայում)։ Դիվերսիոն խմբերի թվաանակը երկու-երեք տասնյակից չի կարող անցնել։ Բայց մի օր հանկարծ պարզվեց, որ Շուշիի տակ են թշնամական հազարավոր զինվորներ՝ սպառազինված տանկերով ու զրահամեքենաներով։ Մի՞թե դա դավաճանություն չէր։
Թշնամին Շուշիին մոտեցավ նեղ կիրճով, ուր նրանց ոչնչացնելը բնավ դժվար չէր։ Չարվե՛ց։


Շուշի թշնամին կարող էր մտնել երկու մուտքից։ Կարելի էր քաղաքի մուտքերը փակել երկաթբետոնե պատվարներով, կամ ճանապարհը քանդել։ Ապա անցնել պաշտպանության։ Չարվե՛ց։ Պաշտոնական աղբյուրները խոսում են Շուշիի փողոցներում թեժ մարտերի մասին։ Բայց, թուրքերի տարածած տեսահոլովակներում երևում են Շուշիի մաքուր փողոցները։ Տրամաբանական չէ։ Մի քանի տեղից լսել եմ, որ Շուշին ուղղակի դատարկվել է հրամանով, և թեժ կռիվներ են մղվել Քարին Տակի մատույցներում միայն։ Այս լուրի իսկությունը չեմ կարող հաստատել։ Բայց այն, ինչ ներկայացվեց հասարակությանը՝ սուտ էր։ Արցախի պաշտոնավորների փոխանցմամբ՝ Շուշին դեռ նոյեմբերի 5-ին թշնամունն է եղել։ Իսկ ամսի 8-ին մեր պաշտոնատարները դեռ հոխորտում էին․․․


Ինչու՞ մեր բանակը չհարվածեց թշնամու ռազմական կոմունիկացիաներին։ Դեռ օրեր առաջ, մեր պաշտոնյաները հրապարակեցին թշնամու քարտեզներ, ուր նշեցին, թե հայկական կողմին հայտնի է թշնամու ռազմական կոմունիկացիաների տեղակայման վայրը։ Հայտնի էր, բայց չխփեցին ինչու՞։ Չոչնչացվեց, ինչու․․․ Հարցեր, հարցեր․․․
Իսկ հիմա՞։ Հիմա բոլորը մեղավոր են։ Բոլորը մեղավոր են, բացի՝ պատասխանատուները։ Բացի իշխանությունները»։