գլխավոր Գլխավոր Փաշինյանը դեռ պետք է Ռուսաստանին․Взгляд

Փաշինյանը դեռ պետք է Ռուսաստանին․Взгляд

Ռուսական Взгляд պարբերականը, վերլուծելով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, գրում է․

«․․․Կարելի է ենթադրել, որ հրաժարականի սցենարը նախընտրելի էր թվում նաև Մոսկվային ՝ որպես միջնորդի. Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը Ռուսաստանի քաղաքական վերնախավում, մեղմ ասած, բարդ է։

․․․ Իսկ հիմա Փաշինյանի իշխանության պահպանումը դարձել է Ռուսաստանի անմիջական շահը, ընդ որում ՝ անկախ նրա անձնական որակներից ու արտաքին քաղաքական կողմնորոշումից։

Պատճառները պարզ են։ Պատերազմը դադարեցնելու և Արցախի լիակատար ոչնչացումը կանխելու համար Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին կազմել է հակամարտության կարգավորման մասին համաձայնագիր (պաշտոնապես ՝ հայտարարություն, բայց էությունը դա չէ)։ Նրա պայմանները Երևանի համար չափազանց ցավոտ են, բայց այլ ելք չկար։ Իսկ այժմ անհրաժեշտ է հասնել նրան, որ համաձայնագիրը կյանքի կոչվի կամ, ինչպես սիրում է արտահայտվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իրագործվի։

Փաշինյանն է դրա տակ ստորագրել, նա էլ պետք է իրագործի՝ որքան էլ ցավալի ու տհաճ լինի։ Նրա հրաժարականն այժմ կլինի պատասխանատվությունից փախուստ, որը հղի է մեծ խնդիրներով։ Վարչապետի տեղում մեկ այլ քաղաքական գործիչ կարող է փորձել խորամանկել, ապաակտիվացնել հայտարարությունը «Ես դրա տակ չեմ ստորագրել» տարբերակով։ Այդ ժամանակ իրավական քաոս կառաջանա, իրավիճակը կկորցնի կառավարելիությունը, մարտական գործողությունները կարող են վերսկսվել, իսկ պատերազմող կողմերի միջև արդեն հիմա կանգնած են մեր խաղաղապահները ։

 Հայերի ազգային հպարտությունն ու կորստի ցավը առիթ չէ վտանգելու ռուս զինծառայողներին։

Այլ կերպ ասած ՝ անխուսափելին կանխելու Երևանի ցանկացած փորձի համար մենք վտանգված ենք արյունով վճարել։ Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է Փաշինյանին պահել վարչապետի աթոռին՝ որպես համաձայնագրի անմիջական ստորագրողի, որն իր վրա է վերցրել դրա դրույթներն իրացնելու անձնական և քաղաքական պարտավորությունները։

Նման տեսանկյունից փողոցի հետ վիճաբանության մեջ Փաշինյանի անզիջում դիրքորոշումը իսկական առաջնորդի՝ այն կապիտանի դիրքորոշումն է, որը խորտակվող նավից կհեռանա վերջինը։ Իսկ նախարար Մնացականյանի արարքը, ընդհակառակը, դասալքության պես մի բան է, պետության համար կրիտիկական պահին ծանր բեռից խուսափելու փորձ։

Վերջապես, եթե դեմ ես ռեժիմի փոփոխության «Մայդանի» մեթոդին, ապա ավելի լավ է հետևողական լինել այդ հարցում։ Ժամանակին Փաշինյանն ինքն էր ղեկավարում «գունավոր հեղափոխությունը», բայց հիմա հենց նա է օրինական իշխանությունը, որը կքել է սխալների բեռի տակ և ատելի է ժողովրդի կողմից, բայցև կյանքին ռեալ նայող իրատես է և ազգային պոպուլիստների շանտաժին չենթարկվող։

Երբ եռակողմ հայտարարությունը կիրագործվի, և Փաշինյանի ծառայությունների կարիքը վերանա, նրան իշխանության մեջ կպահի միայն սեփական համառությունը։ Մեծ հաջողություն ունենալու դեպքում կարելի է հասնել 2022 – ի ընտրություններին. ընդդիմությունը պառակտված է և զուրկ առաջնորդներից, խորհրդարանը լցված է փայտե զինվորներով, իսկ նախորդ իշխանությունները վարկաբեկված են և չեն վայելում բնակչության վստահությունը»։