գլխավոր Գլխավոր Ես անհամբեր սպասում եմ Մայք Պոմպեոյի այցին․ Վրաստանի վարչապետ

Ես անհամբեր սպասում եմ Մայք Պոմպեոյի այցին․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան լրագրողներին տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցի հիմնական նպատակներն են՝ ԱՄՆ-ի ու Վրաստանի ստրատեգիական գործակցության խարտիան, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, երկրի հետագա ժողովրդավարացման գործընթացը, տնտեսական ու անվտանգային հարցերը։

«Մենք բոլորս պետք է հիանալի հասկանանք, որ սա միայն մեր ստրատեգիական դաշնակցի պետքարտուղարի հերթական այցը չէ, սա մեր երկրի ընկերոջ այցն է։ Ու մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա ամրապնդի Վրաստանի և ԱՄՆ-ի ստրատեգիական դաշնակցությունը, որն առանց այն էլ գտնվում է բարձր մակարդակի վրա։ Հատկապես այն թեմաները, որոնք այսօր առաջնային կարևորություն ունեն, այն է՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք մեծ ազդեցություն կունենան մեր օրակարգի, անվտանգության ու ապագայի վրա»,- հայտարարել է Գախարիան։

Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ անհամբերությամբ սպասում է Պոմպեոյի ժամանելուն։

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ նոյեմբերի 17-ից 18-ը Վրաստան աշխատանքային այցով կժամանի ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Պոմպեոն կհանդիպի երկրի վարչապետ Գեորգի Գախարիայի ու նախագահ՝ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։